Մատաղիսի գործի բացահայտման հարցում պետք է շահագրգիռ լինի 3 մլն մարդ և ոչ միայն Գագիկ Ջհանգիրյանը |aysor.am|

aysor.am Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը օրերս «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում Մատաղիսի հայտնի քրեական գործի վերաբերյալ սենսացիոն հայտարարություն էր արել:

«Մատաղիսի զորամասում կատարվածից անցել է 7 տարի, և երկու զինվորականների սպանությունը չբացահայտված է մնացել», - հարցազրույցում ասել է Ջհանգիրյանը: Մեկնաբանի դիտարկմանը, թե ըստ դատավճռի, սպանության մեջ մեղադրվողները դատարանի որոշմամբ անմեղ են ճանաչվել, Ջհանգիրյանը արձագանքել է. «Ոչ, նրանք անմեղ չեն ճանաչվել, այլ արդարացվել են ապացույցների անբավարարության պատճառով: 6-7 տարի է, այդ գործով ակտիվ քննարկման գործողություններ չեն իրականացվում: Դե բնական է, երբ Քննչական կոմիտեի ղեկավարը Աղվան Հովսեփյանն էր, չէի կարող պահանջել չգիտեմ՝ ինչ անել:

Բայց մեր հետագա նշանակված երկու դատախազներից Կոստանյանի ժամանակ այդ գործը դատարանում քննվել է և նույն մեղադրյալների նկատմամբ նույն մեղադրանքն է հաստատվել, ուղարկվել դատարան: Ես վերջերս դիմել եմ մեր քննչական կոմիտեի նոր նախագահին, խնդրել եմ, որ այդ գործով ակտիվ քննություն իրականացվի, պարզվի՝ ովքեր են ի վերջո մարդասպանները: Լավ, ենթադրենք դրանք (նկատի ունի նախկին մեղադրյալ երեք տղաներին) չեն, բայց եթե դրանք չեն, ուրիշները չէ՞ պետք է լինեն: Երկու անմեղ զինվոր է սպանվել: Ես ինքս շահագրգիռ եմ, որ բացահայտվի», - լրատվամիջոցին ասել էր Գագիկ Ջհանգիրյանը:

«Այդ գործը պետք է այնքան քննվի, մինչև կատարողները հայտնաբերվեն, դրանում ոչ մի խոսք, ոչ մի կասկած», - Aysor.am-ի հետ զրույցում ասում է երեք տղաների շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա խոսքով՝ դատական վճռի մեջ դատարանը մանրամասն անդրադարձել է կատարվածին, բոլոր փաստարկները տարիներ շարունակ քննվել են և ոչ մի կասկած չի մնացել երեք մեղադրյալների անմեղության մեջ:

Փաստաբանը նկատում է, որ Մատաղիսի գործի նոր քննությունը շատ պասիվ է ընթանում և այդ սպանության բացահայտման հարցում պետք է շահագրգիռ լինի 3 մլն մարդ և ոչ միայն Գագիկ Ջհանգիրյանը:

«Պիտի քննվի ակտիվորեն, պիտի քննվի բազմակողմանի, բայց չպետք է արհեստական վարկած ստեղծվի ու գործի նյութերը հարմարեցվեն այդ նոր վարկածին, ինչպես դա տեղի էր ունեցել նախկինում», - նշում է փաստաբանը:

Ավելին՝ aysor.am-ում

x