Բյուրեղավանի պոլիկլինիկայի նախկին տնօրենը դատարանում հայտարարել է, որ քաղաքապետն իրենից ամսական գումար է պահանջել |pastinfo.am|

pastinfo.am։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գեղամ Մարգարյանի նախագահությամբ արդեն երկու տարի քննվող Բյուրեղավան համայնքի քաղաքային պոլիկլինիկայի նախկին տնօրենի եւ էնդոկրինոլոգ բուժքույրի վերաբերյալ քրեական գործը նոր զարգացումներ է ստանում։ Կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեղադրվող տնօրենը հայտարարել է, որ քաղաքապետն իրենից ամսական գումար է պահանջել։

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ բուժքույր Մ.Բաղդասարյանը մեղադրվում է յուրացման մեջ։ Նախնական քննության տվյալներով՝ նա Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Ա.Մոսիկյանի հետ գալով նախնական համաձայնության՝ մեկ միասնական դիտավորությամբ 2013թ-ից մինչև 2015թ առաջին կիսամյակի ընթացքում յուրացման եղանակով հափշտակել են «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ դրամարկղ մուտքագրման ենթական իրեն 800.000 դրամ և քաղաքացիներից իր նախաձեռնությամբ հավելյալ հավաքագրված 52.000 դրամ, ինչպես նաեւ յուրացրել են դիակային տեղափոխության գնումների գումարները։

Պոլիկլինիկայի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. ըստ նախաքննական մարմնի՝ նա սոցփաթեթի ցուցակներում ընդգրկել է այնպիսի անձանց, ովքեր չեն անցել համապատասխան հետազոտություններ եւ չէին կարող օգտվել անվճար բուժօգնության հնարավորությունից։

Մեղադրյալների պաշտպան Վահան Հովհաննիսյանը նշեց, որ ի սկզբանե մեղադրանքը հիմնված է եղել համայնքային ենթակայությամբ գտնվող պոլիկլինիկայի 4 բուժքույրերի ցուցմունքների վրա, եւ իր պաշտպանյալները վերջին դատական նիստին հայտնել են իրենց դիրքորոշումը, որ այդ անձանց ցուցմունքները ուղղորդված են եղել Բյուրեղավանի քաղաքապետի Հակոբ Բալասյանի կողմից, ինչի վերաբերյալ իրենք նաեւ ապացույցներ են ներկայացնելու.

«Վերջին երկու դատական նիստերին իմ պաշտպանյալները ցուցմունք տվեցին եւ մեկնաբանեցին, թե ինչով է պայմանավորված իրենց այդ դիրքորոշումը։ Մասնավորապես, Մոսիկյանը նշեց, որ 2009 թվականի պոլիկլինիկայի տնօրեն նշանակվելուց հետո առանձնազրույց է ունեցել քաղաքապետի հետ, որի ժամանակ քաղաքապետը նշել է, որ ամեն ամիս իրեն պետք է վճարի 250 հազ դրամ կաշառք»։

Պաշտպանի խոսքով՝ այդ ժամանակ իր պաշտպանյալը հրաժարվել է կաշառք տալուց՝ ասելով, որ պոլիկլինիկան ունի 13 միլիոն դրամ կուտակած պարտք, եւ ինքը չի կարող գումար տրամադրել որպես կաշառք. «Այդ ընթացքում այդ խոսակցությունը հետաձգվել է։ Մի քանի տարվա ընթացքում պոլիկլինիկայի պարտքերը մարվել են։ Դրանից հետո՝ 2014 թվականին, կրկին առանձնազրույց են ունեցել, եւ քաղաքապետը տնօրենից կրկին պահանջել է ամսական տալ 250 հազ դրամ կաշառք։ Դրանից բացի, 250 հազ դրամին համարժեք 500 դոլար էլ պահանջել է էնդոկրինոլոգ բժշկուհուց»։

Ի պատասխան մեր այն հարցին, թե ինչի դիմաց է քաղաքապետը պահանջել այդ գումարները, պաշտպանը նշեց, որ դա պատճառաբանել է այն բանով, որ միայն էնդոկրինոլոգի այցելուների քանակը այնքան է, որքան ընդհանուր պոլիկլինիկայի այցելուների թիվն է. «Քաղաքապետն ասել է, որ գումարը չտալու դեպքում աշխատանքային գործունեության ընթացքում անընդհատ խոչընդոտ կառաջացնի եւ հետագայում կհեռացնի աշխատանքից։ Այսինքն՝ դա եղել է այն վարձավճարի չափը, որը այդ անձինք պետք է վճարեին, որպեսզի կարողանային հանգիստ աշխատել իրենց պաշտոններում»։

Պաշտպան Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ իր երկու պաշտպանյալներն էլ հրաժարվել են այդ գումարը տալ, պարզապես տնօրենը նմանատիպ խոսակցություններից զերծ մնալու համար իր նախաձեռնությամբ 1 միլիոն եւ 700 հզ ՀՀ դրամ արժողությամբ տեսանկարահանող սարքեր է տեղադրել քաղաքապետին պատկանող, սակայն վարձակալության տված խանութներում, որ գտնվում են Սեւանի խճուղում. «Երբ իմ պաշտպանյալները հրաժարվել են պահանջած գումարը տալ, նրանց նկատմամբ սկսվել են հետապնդումներ։

Միայն բժշկուհու աշխատասենյակում նշանակվել են ստուգումներ եւ առանց որեւէ հիմնավորման։ Որեւէ խախտում չի հայտնաբերվել, եւ տեսնելով, որ այդ ճանապարհով որեւէ արդյունքի չի կարողանում հասնել՝ քաղաքապետն ընդհանրապես կրճատել է այդ հաստիքը, նրան հեռացրել է աշխատանքից, ինչից երկու ամիս անց վերականգնել է հաստիքը եւ աշխատանքի ընդունել այլ բժշկուհու։ Տնօրենը նույնպես հեռացվել է աշխատանքից, ինչի վերաբերյալ նա քաղաքացիական հայց է ներկայացրել»։

Շարունակությունը՝ pastinfo.am

x