Վիզանների ազատականացման մասով պետք է հիասթափեցնեմ բոլորիս՝ լեհերը մեզ չեն պաշտպանելու այդ հարցում․ Արման Բաբաջանյան |tert.am|

tert.am։ Վիզանների ազատականացման մասով պետք է հիասթափեցնեմ բոլորիս, լեհերը մեզ չեն պաշտպանելու այդ հարցում: Հուլիսի 2-4-ը Վարշավա այցելությունից հետո ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակության հրավիրած ասուլիսում այս մասին հայտարարեց պատվիրակության անդամ, ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նա պարզաբանեց. «Որովհետև շատ կոնկրետ հարցադրումներ ունեն ընդհանրապես մեր արտաքին քաղաքականության, մեր հանձնառությունների վերաբերյալ և ակնկալել, որ այն սպասումները, որ ունենք արագության մասով, դրանք ուղղակի տեղին չեն: Այս իմաստով ևս պետք է արձանագրենք, որ սպասումները պետք է զուսպ լինեն»։
Արման Բաբաջանյանը հստակեցրեց՝ ինքը նկատի ունի, որ առնվազն մինչև 2020 թվականը հույսներս պետք է կտրենք, որ վիզաների ազատականացման մասին կարող է խոսք լինել։

«Որովհետև մի շարք պատճառներ կան, այդ թվում խնդիրներ, որոնք ես այս պահին չեմ կարող բարձրաձայնել՝ ազգային անվտանգությանն է դա առնչվում: Բայց պետք է անկեղծ լինենք, շատ լայն շրջանակ կա անկեղծ խոսակցության՝ հասկանալու, թե այն փոփոխությունները, որ մեր երկրում տեղի են ունեցել, որքանով կարող են տեսքի բերել արտաքին քաղաքական մասը, որը վերաբերում է ԵՄ-ին, ԵՄ-ի հետ համալիր և ինչու ոչ ԵՄ առանձին երկրների հետ համագործակցությանը:

Այստեղ, կարծում եմ, դեռ անելիքներ կան՝ այդ թվում վիզաների ազատականացման մասով, ուղղակի այդ սպասումները, որոնք կային դեռևս 2017թ-ի ՍԵՊԱ-ի (Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիր/խմբ.) ստորագրումից հետո, այսօր ևս պետք է խիզախություն ունենանք հայտարարելու, որ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն, պետք է ավելի նախաձեռնող լինել բոլոր ճակատներով»,-ասաց Բաբաջանյանը։

Պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը հավելեց, որ այնպես չի, որ Լեհաստանը չի աջակցում ՀՀ-ին վիզաների ազատականացման ճանապարհին։ «Այդքան էլ այնպես չէ, որ ՍԵՊԱՆ-ն անմիջականորեն պետք է կապել վիզաների ազատականացմանը. դրանք առանձին պրոցեսներ են, չնայած ունեն որոշակի ռեֆորմացնելու հատկություն, այսինքն՝ մեկի ռեֆորմների արդյունքում քո խոսքն ավելի արժևորված է»,-ասաց նա։

Ավելին՝ tert.am

x