Մերժվածների դասական ոճին հարիր հերթական պատասխանը՝ այս անգամ ՊԵԿ-ից․ ՀԲՃ

2018 թվականի հունիսի 26-ին մետաղական հանքարդյունաբերությանը վերաբերող հերթական հարցումն էինք ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ։ Հաշվի առնելով նախորդ մի շարք դիմումների ոդիսականները՝ հնարավորինս պարզ և հակիրճ էինք ձևակերպել մեր հարցադրումները:

Հարցումը վերահասցեագրվել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտե, որտեղից ստացել ենք նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ստորագրությամբ հաստատված այս «հանճարեղ» պատասխանը։

Որպեսզի պարզ լինի, թե ինչ աբսուրդի մասին է խոսքը՝ ներկայացնենք, թե ինչ էինք ուզում իմանալ ՀՀ կառավարությունից։ Մենք ընդամենը խնդրել էինք տրամադրել հետևյալ տեղեկությունները․

1. Արդյո՞ք երբևէ ստուգվել է Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութերի մեջ եղած բոլոր արժեքավոր տարրերի պարունակությունը։

2. Եթե այո, ապա ո՞ր պետական կառույցի կողմից, ի՞նչ պարբերականությամբ, և ինչպե՞ս է կարելի ծանոթանալ այդ տվյալներին։

Պատասխանը կարդալիս ճիշտն ասած կասկած առաջացավ, որ երևի ՊԵԿ-ում պատահաբար սխալվել են ու մեկ այլ հարցման պատասխանն են ուղարկել մեզ։ Զանգեցինք գրության կատարողին և խոսակցության արդյունքում պարզեցինք, որ սա իսկապես մեր հարցման պատասխանն է։ Ավելին՝ ՊԵԿ-ի աշխատակից Կարեն Հայրունին վստահ էր, որ իրենք լիարժեք պատասխանել են մեր հարցմանը։

Ինչ է ստացվում․ Առաջին հարցին հստակ պատասխանելու փոխարեն ՊԵԿ-ում որոշել են մեզ տեղեկացնել ԵԱՏՄ-ի 2012 թվականի ինչ-որ որոշման գոյության և դրանով սահմանված «հանքաքարեր» եզրույթի մասին։ Իսկ դրանից հետո էլ՝ երկրորդ հարցի մեջ նշված կետերին հստակ պատասխանելու փոխարեն, հղում են տվել առաջին պարբերության մեջ գրած և մեր հարցադրումների հետ ընդհանրապես ոչ մի առնչություն չունեցող տեղեկություններին ու տեղեկացրել, որ նույն ԵԱՏՄ-ի կանոնակարգերի շրջանակներում խտանյութ արտահանող ընկերությունից պահանջվում է փորձագիտական եզրակացություն յուրաքանչյուր խմբաքանակի բաղադրության վերաբերյալ։

Այս պատասխանը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ մերժվածների տասնյակ տարիների գործելաոճը խորն արմատներ է ձգել պետական համակարգում և այդպես էլ արմատախիլ չի արվում։ ՊԵԿ-ի պատասխանից մենք այդպես էլ չիմացանք, թե արդյո՞ք անկախ Հայաստանում որևէ պետական կառույց երբևէ ստուգել է երկրից արտահանված խտանյութի բաղադրությունը։ Չիմացանք, թե ո՞ր պետական կառույցն է դա արել, եթե արել է, ապա ի՞նչ պարբերականությամբ։ Եվ ամենակարևորը, այդպես էլ չիմացանք, թե ՀՀ քաղաքացիներն ինչպե՞ս են կարող իմանալ, թե ժողովրդին պատկանող ընդերքի շահագործման արդյունքում ինչ է իրականում արտահանվում մեր երկրից։

Նաև ՊԵԿ-ին ուզում ենք հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն է և գոյություն է ունեցել 2012 թվականի ԵԱՏՄ-ի իրենց նշած որոշումից շատ առաջ, և երկրից երկու տասնամյակ շարունակ արտահանվել է տարբեր մետաղների խտանյութ: Բացարձակ անհասկանալի է, թե մեր հարցադրումներին հստակ պատասխանելու փոխարեն ինչո՞ւ է ընդհանրապես նշված այդ կառույցի անվանումն ու հղում է արվում նրա որոշումներին։

Քանի որ մեր հարցադրումներին ըստ էության պատասխան չի տրվել, չեն տրամադրվել պահանջված տեղեկությունները, իսկ նմանատիպ բովանդակությամբ պատասխանն ուղղակի անընդունելի է հետհեղափոխական Հայաստանում՝ մենք կփորձենք վերականգնել ՀՀ քաղաքացիների այս տեղեկություններն իմանալու իրավունքը։ Խնդրի առնչությամբ արդեն իսկ դիմել ենք Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակ՝ խնդրելով քննել հարցը և վերականգնել մեր խախտված իրավունքները։

x