Նպաստառու ընտանիքներին անվճար դեղորայք կտրամադրվի |shantnews.am|

shantnews.am։ Հուլիսի 1-ից «Փարոս» համակարգում ընդգրկված քաղաքացիները պոլիկլինիկաներից կստանան նաև անվճար դեղորայք։ Շահառուների ցանկում ընդգրկված քաղաքացիները սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և 30.01-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներն են:

Նոր կարգով ակնկալվում է թեթևացնել նաև հիվանդանոցների ծանրաբեռնվածությունն ու մեծացնել պոլիկլինիկաների դերը: Առողջապահության նախարարության տվյալներով` անվճար դեղորայքից կօգտվի մոտ 200 հազար քաղաքացի:

Պոլիկլինիկաների դեղապահարաններում ու հատուկ սառնարաններում պահվող դեղորայքը մշտապես անվճար բաժանվում է շաքարային դիաբետով, էպիլեպսիայով, պարբերական հիվանդությամբ ու հաշմանդամության առաջին, երկրորդ կարգ ունեցող անձանց, ովքեր ամսական մեկ կամ երկու անգամ դեղատոմսով, հատուկ կարգով, ստանում են համապատասխան չափաքանակը:

Յուրաքանչյուր տեսակի դեղորայքի համար ամբուլատորիաների դեղատներում կան բացված հատուկ մատյաններ, որտեղ դեղագետը պարտադիր գրանցում է տրամադրված դեղորայքը, իսկ բոլոր դեղատոմսերը պահվում են որպես ստացական-փաստաթուղթ:

Արտոնություն ունեցող բոլոր խմբերին հուլիսի մեկից ավելացել են նաև «Ընտանեկան նպաստ» համակարգում ընդգրկված ու նվազագույնը 30,01 բալային միավոր ունեցող ընտանիքները: Նրանք ևս օգտվելու են անվճար դեղորայքից:

«Քաղաքացին պոլիկլինիկա պետք է ներկայացնի տեղեկանք նպաստառու լինելու մասին վերաբերյալ, պոլիկլինիկայում արդեն տեղեկանքի հիման վրա բժիշկը համապատասխան դեղատոմսը դուրս կգրի և քաղաքացին տվյալ պոլիկլինայի դեղատնից կամ այն դեղատնից, որի հետ ունի պայմանագիր, կգնա, դեղատոմսով կստանա դեղորայքը»,- նոր կարգի մանրամասներն է մեկնաբանում ՇՄ-ի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Լուսինե Մովսիսյանը։

Անվճարների ցանկում կա 400-ից ավելի անուն դեղորայք: Դրանց կարիքն ունեցող նպաստառուներին անհրաժեշտ դեղորայքը տրամադրելու համար անպայման է հետազոտությունը պոլիկլինիկայում, իսկ ընտանեկան բժշկի տված դեղատոմսն էլ պարտադիր է ներկայացնել դեղատներին:

Ավելին՝ shantnews.am

x