Երբ ես խոսում եմ, ինձ ինքնաբացարկ են հայտնում. Վազգեն Ռշտունին չպատասխանեց լրագրողների հարցերին |hetq.am|

hetq.am։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում շարունակվում է ԲԴԽ անդամի թեկնածու ընտրելու հարցով դատավորների ընդհանուր ժողովը:

Դատավորներից ոմանք պատասխանեցին լրագրողների որոշ հարցերի:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն ասաց, որ դատավորների ընդհանուր ժողովը ստացել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը՝ կապված ՀՀ-ում սահմանադրական ճգնաժամի հետ:

Վահե Գրիգորյանը, հիշեցնենք, նամակ էր ուղարկել Հայաստանի նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին, Սահմանադրական դատարան՝ ելքեր առաջարկելով սահմանադրական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ:

Մխիթար Պապոյանն ի պատասխան լրագրողների հարցերի, ասաց, որ Գրիգորյանի նամակի վերաբերյալ դեռևս կարծիք չի ձևավորել:

Սահմանադրական դատարանն, ինչպես հայտնի է, վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ կապված սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականության հարցի հետ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը բեկանել է գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումը:

Այս հանգամանքին անդրադառնալով՝ Պապոյանն ասաց, որ այս պահին պատրաստ չէ խոսել այդ հարցի մասին:

«Շատ բարդ իրավաբանական խնդիր է, որի մասին խոսել ես այս պահին պատրաստ չեմ, անկեղծ ասած»,- ասաց Պապոյանը:

Քոչարյանին ազատ արձակելու, նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու որոշումից հետո մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ որոշումները գրել է ոչ թե Դավիթ Գրիգորյանն, այլ Վերաքննիչ դատարանի դատավորներ Արշակ Վարդանյանը, Վազգեն Ռշտունին և Մխիթար Պապոյանը:

Վերջինս մամուլի հրապարակումներից հետո հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ԱԱԾ:

Ի պատասխան լրագրողի հարցի ՝ Պապոյանն ասաց, որ ինքը հարուցված քրեական գործի շրջանակում չի հարցաքննվել և տեղեկություն չունի դրա ընթացքից:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի հետ կապված խնդրին՝ նշելով, որ տվյալ իրավիճակում օրենսդրական կարգավորում չկա, բայց խնդիրը պետք է լուծում ստանա։

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում պատրաստվում է երդում տալ ԲԴԽ անդամ դառնալու համար:

Այս կապակցությամբ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը կարծիք էր հայտնել, որ եթե Նախշուն Տավարացյանն իր հրաժարականի գրավոր դիմումից 9 ամիս հետո երդվի, նշանակում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահը և առհասարակ դատական համակարգն ու բոլոր նրանք, ովքեր կհանդուրժեն այդ աղաղակող ապօրինությունը, առաջինը պետք է վեթինգի ենթարկվեն:

Շարունակությունը՝ hetq.am

x