Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը երկար ցուցակ է հաստատել, թե որ պաշտոնյաներին են հրավիրելու նիստերին |armtimes.com|

armtimes.com: Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը սկսում է ակտիվ աշխատանքային փուլը․ արդեն որոշել ու հաստատել են ներկա ու նախկին պաշտոնյաների բավականին մեծ անվանացանկ, որոնց անհրաժեշտ փաստատթղթերի ուսումնասիրման ընթացքում հրավիրելու են հանձնաժողովի նիստերին։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հանձնաժողովն իր աշխատանքները սկսել է մեկ ամիս առաջ։ Այն ստեղծվել է վեց ամիս ժամկետով։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ավելացնել եւս վեց ամիս։ Նիստերը լինելու են դռնփակ, քանի որ պատգամավորներն աշխատելու են պետական գաղտնիք պարունակող նյութերի հետ։ Նիստերն էլ անցկացվելու են հատուկ աշխատասենյակում, որտեղ արվել են անվտանգությանն առնչվող բոլոր միջոցառումները, որպեսզի հնարավոր բոլոր արտահոսքերը կանխվեն։

Անդրանիկ Քոչարյանը մեր զրույցում ասաց, որ թեեւ հաստատել են հրավիրյալների ցանկը, բայց թե առաջինը ով պետք է ներկայանա նիստերին եւ պատասխանի պատգամավորների հարցերին՝ կորոշվի փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո։ Իսկ ուսումնասիրության առարկան ձեւակերպել են որոշակի հարցերի մեջ, օրինակ, թե 2016 թվականի ախրիլյան գործողությունների արդյունքում մարդկային ռեսուրսների, տեխնիկայի, սպառազինության կորուստները համաչա՞փ են եղել, թե՞ ոչ, հնարավո՞ր էր արդյոք մաքսիմալ նվազեցնել տարածքների ու զինծառայողների կորուստը, որո՞նք են տարածքների ու զինծառայողների կորուստների հիմնական պատճառները, ո՞ր ստորաբաժանման ղեկավարներն են հիմնական թերացողներն ու մեղավորները, ինչպե՞ս շտկել իրավիճակը զինված ուժերում եւ այլն։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այս ամիս արդեն կլինեն մարդիկ, որոնց իրենք կլսեն։ Հանձնաձողովի անդամները կոնկրետ հրավիրյալներին լսելու են ամբողջ կազմով, հընթացս առանձին-առանձին աշխատելու են փաստաթղթերի վրա։

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ իրենց աշխատանքի հիմնական նպատակն է նախ հասկանալ՝ ապրիլին ընդհանրապես ինչ է տեղի ունեցել, եւ եթե ունեցել ենք թերացումներ, ապա հիմա՝ տարիներ հետո, պետք է այդ պատճառներն ի հայտ բերելով ձեռնամուխ լինել դրանց վերացմանը։

Մեր զրուցակցի պնդմամբ՝ որպեսզի ուսումանսիրությունը լինի էֆեկտիվ, բացի հիմնական կազմից՝ տարվելիք աշխատանքներում ներգրավված են նաեւ հանձնաժողովի փորձագետները, անհրաժեշտության դեպքում հրավիրելու են նաեւ լրացուցիչ այլ փորձագետների, այդ թվում՝ գուցե հենց պաշտպանության նախարարությունից։

Մեր հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ ՊՆ-ում այս տարիների ընթացքում կարող էին որոշ փաստաթղթեր ոչնչացնել, ինչպես, օրինակ, վարչապետը հայտարարել էր, որ ԱԱԾ-ում ինչ-որ փաստաղթղեր արդեն ոչնչացվել են, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․

«Մենք գիտենք, թե ինչ փաստաթղթեր պետք է ուսումնասիրենք, դրա համար ՊՆ-ի հետ համագործակցելու ենք ու պահանջելու ենք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Ես մի բան գիտեմ իմ փորձից, որ եթե ոչնչացնում են, դրանց հետքերը չեն կարող ոչնչացնել,դա արդեն քրեական հետապնդման հիմք կարող է հանդիսանալ։ Պետք է հասկանալ, որ ինչպես մարտի մեկին փորձում էին կոծկել փաստաթղթերը, կեղծել եւ այլն, չէին մտածում, որ գալու է մի օր, երբ պետք է պատասպան տան։ Նույն Վահագն Հարությունյանը կեղծիքների համար փախել է, չէ՞, նախաքննական մարմնից, ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանը ապօրինի որոշումների համար փախած է, դա էլ հենց այսօրվա իրողությունն է, որ մնացած բոլորի համար պետք է դաս լինի, որ պետական ինստիտուտները պետք է ծառայեն իրենց նպատակներին եւ որեւէ խոչընդոտ պետք է չլինի»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընգծելով, որ այս հանձնաժողվներն աշխատում են ի նպաստ համապատասխան կառույցների եւ ոչ թե մահակի դեր են ստանձնում, այլ առողջացման դեր են կատարելու, ինչին պետք է օգնի նաեւ նախարարությունը։

Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է ուսումնասիրությունների արդյունքում քրեական գործեր հարուցվեն։ Վերջինս արձագանքեց, որ կարող է ե՛ւ քրեական գործեր լինեն, կարող է՝ խրախուսման առաջարկներ, բայց մինչ այդ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել․ «Հստակ գնահատական դեռ չկա, չնայած պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ իր հանձնարարությամբ կատարված են ուսումնասիրություններ, չնայած հասկանալի չէ՝ ինչու են գաղտնի պահվել։ Դա պետք է ներկայացնեին հասարակությանը, որպեսզի պատկերացումները լինեին հստակ։ Այսօր էլ շատ ծնողների մոտ հարցականներ կան, դրանք պետք է չլինեն, դրանք խոչընդոտ են բանակի առաջընթացին, որովհետեւ հասարակությունն է բանակի ամենակարեւոր ռեսուրսը, հասարաությունն է երեխաներին տալիս բանակին եւ պետք է վստահ լինի, որ իր երեխաներին տալիս է շատ կայուն, հիմնավոր ձեռքերի»։

Նշենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Անդրանիկ Քոչարյանի մատնանշած՝ Սեյրան Օհանյանի ուսումնասիրությունը կա, նախարարությունում է ու այն կտրամադրեն քննիչ հանձնաժողովին։ 

Ինչ վերաբերում է հարցին՝ հրավիրյալները տեղյա՞կ են, որ իրենք պետք է պատասխանեն հանձնաժողովի անդամների հարցերին, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ տեղյակ չեն, բայց պետք է որ ենթադրեն․

«Իրենք պետք է հասկանան, որ հիմնական պատասխանատուները, որոնք առնչվել են ապրիլյան գործողություններին, այդ ցուցակում կլինեն։ Պետք է նայենք՝ ինչպիսի ընթացակարգ են անցել այդ ժամանակ կայացրած ոոշումները, ինչքանով են համապատասխան եղել իրավիճակին։ Իհարկե, մենք ունեցել ենք հերոսապատում, դա եղել է անպայման, ոչ մեկը չի կասկածում, որ մեր զինված ուժերն արել են անհնարինը, կարողացել են դիրքերի մեծ մասը պահել, ինչը դա մարտական խնդիր է եղել։ Բայց ունեցել ենք նաեւ կորուստներ, հանրության մոտ բազմաթիվ հարցրեր են առաջացել, մենք պետք է կարողանանաք դրանք բարձր մակարդակով ի հայտ բերել մեր եզրակացությունների մեջ»։

Շարունակությունը՝ այստեղ

x