Մաքրագործել վերնախավը և հրաժարվել թանկարժեք զորահանդեսից. Վլադիմիր Զելենսկի |epress.am|

epress.am։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է ընդլայնել իշխանության մաքրագործման (լյուստրացիա) մասին օրենքը, այն տարածելով 2014-ի փետրվարի 23-ից մինչև 2019-ին մայիսի 19 պաշտոնավարած թոփ պաշտոնյաների վրա:

Զելենսկին ցանկանում է լյուստրացիայի տակ ընկնող պաշտոնների թվին ավելացնել նաև Ուկրաինայի նախագահի, կառավարության անդամների, պատգամավորների, Գերագույն Ռադայի նախագահի, գլխավոր դատախազի, Անվտանգության ծառայության պետի և այլ պաշտոններ:

«Ամեն օր գլուխ եմ ջարդում, թե ի՞նչ անել նրանց հետ: Միգուցե փոխանակել մեր գերիների հե՞տ: Կամ գուցե հագցնել այն խոտանված զրահաբաճկոնները, որ իրենք են գնել, և ուղարկել առաջնագի՞ծ:

Կարծում եմ, նվազագույնը, որ կարող ենք անել հիմա, նրանց բոլորին երկրի ղեկավարմանը մասնակցելու հնարավորությունից հավերժ զրկելն է»,- հայտարարել է Զելենսկին:

Սահմանադրական դատարանը մայիսի կեսերից սկսել է զզնել լյուստրացիայի մասին օրենքի առաջարկված փոփոխությունների համապատասխանությունը Ուկրաինայի սահմանադրությանը:

2014 թվականին ընդունված լյուստրացիայի մասին օրենքը փաստաթղթի իրավական ուժ ստանալուց հետո 10 տարով պաշտոն զբաղեցնելու ավտոմատ արգելք էր դնում այն անձանց համար, ովքեր 2010-ի փետրվարի 25-ից մինչև 2014-ի փետրվարի 22-ն ընկած հատվածում (Վիկտոր Յանուկովիչի նախագահության ժամանակ) պաշտոնավարել են ավելի քան մեկ տարի:

Բացի լյուստրացիայի թեմայից, Զելենսկին ասօր անդրադարձել է Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ նախատեսված ծախսատար շքերթին. «Կարծում եմ ավելի լավ է այդ գումարները հատկացնել մեր հերոսներին: Մենք որոշում ենք ընդունել 300 միլիոն գրիվնա (հավանաբար, միջոցառման համար նախատեսված գումարը, խմբ.) հատկացնել ժամկետային զինծառայողների, կուրսանտների, սպաների և անպայման՝ Միացյալ ուժերի գործողության (Ուկրաինայի արևելք, խմբ.) անցկացման գոտում այս պահին հանձնարարություն կատարող զինվորականների պարգևավճարներին: Մեր հերոսներին իհարկե հարգանքի տուրք կմատուցենք ու կտոնենք, բայց այս անգամ նոր ձևաչափով», — ասել է Զելենսկին:

«Հավասարեցման դեպքում ամեն զինծառայող կստանա 30 եվրոյին համարժեք գումար: Կուրսանտների համար կարծես թե նորմալ է, գնդապետերի համար՝ գուցե վիրավորական»:

Նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն քննադատաբար է մեկնաբանել Զելենսկու որոշումը.

«Ռազմական շքերթը, ոչ միայն ժամանակ ու իրադարձություն է, երբ բանակը ժողովրդին ներկայացնում է մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, այլ նաև իրադարձություն, երբ ժողովուրդը հնարավորություն ունի երախտագիտության ու հարգանքի տուրք մատուցել իր բանակին:

Մարդկանց դրանից զրկելը անհեռատեսություն կլինի: Նախագահ Զելենսկին որպես Գերագույն գլխավոր հրամանատար իրավունք ունի որոշում կայացնել Անկախության օրվա շքերթի հետ կապված: Դա կախված է պան Զելենսկու առաջնահերթություններից: Իմ առաջնահերթությունը բանակի կառուցումն էր»:

 

 

x