Նոր ջերմաէլեկտրակայանը ունենալու է 53 տոկոս օգտակար գործողության գործակից |lragir.am|

lragir.am։ Նոր ջերմաէլեկտրակայանը, որը կառուցվում է Ռենկո ընկերության կողմից և որի շինարարության մեկնարկը տրվեց այսօր, ունենալու է 53 տոկոս օգտակար գործողության գործակից: 2010 թվականին շահագործման հանձնված Երևանի Ջերմաէլետրակայանի օգտակոր գործողության գործակիցը 49 տոկոսի է հասցվել անցյալ տարվա վերազինումներից հետո: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

Կառավարության փոփոխությունից հետո, ըստ փոխնախարարի, նոր կառավարությունը նախաձեռնեց նոր ջերմաէլեկտրակայանի ներդրողի հետ բանակցություններ՝ գնի և պայմանների վերաբերյալ: «Եվ վերաբանակցման արդյունքում 6.06 դոլար մեկ կիլովատ ժամի համար գինը իջավ մինչև 5.7 դոլարային ցենտի, ինչն այս պահին գործող բոլոր ջերմաէլեկտրակայաններից ամենացածրն է: Որքանով ինքը կնպաստի գների իջեցմանը, դա պետք է պարզ լինի կառուցումից և այդ պահին գործող սակագնի իրավիճակից: Բայց որ ինքը զսպող գործոն կլինի սակագների, գնային ճնշումների համար, դա հստակ է»,- ասաց նա:

Ըստ փոխնախարարի՝ այս կայանը ևս մեկ աստիճանով կբարձրացնի մեր էներգահամակարգի հուսալիության մակարդակը և կնպաստի նոր կառուցվող էլեկտրահողորդման գծերի միջոցով արտահանումներն ապահովելուն: Նա ասաց, որ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծն այս պահին ակտիվ շինարարական փուլում է գտնվում, իսկ Հայաստան-Վրաստանը՝ մեկնարկի փուլում է: “Եվ մենք կունենանք անհրաժեշտ հոսանք այդ արտահանումները և միջասահմանային փոխհոսքեր կատարելու համար”,- ասաց նա:

Ըստ Վարդանյանի՝ նոր ջերմաէլեկտրակայանի կառուցումն ուղղված է մեր էներգետիկ համակարգի հուսալիության բարձրացմանը, որովհետև 2021 թվականից Հրազդան ՋԷԿ-ի վերջին երկու էներգաբլոկները դուրս են գալիս շահագործումից և փոխարինվելու են Ռենկոյի կառուցած էներգաբլոկով: «Ինքը չի լինի ռեզերվային, քանի որ արդյունավետ է և հիմնականում կօգտագործվի ներքին սպառման համար: Բայց իր առկայությունը հնարավորույթուն կտա արտահանման պոտենցիալի ավելացում ապահովել:

Իսկ Իրանի հետ գազ-էլեկտրաէներգիա գործարքը այս պահին չի ավելանում, որովհետև պատրաստ չէ երրորդ էլեկտրահաղորդման գիծը: Եթե լինի երրորդ էլեկտրահաղորդման գիծը, մենք այս պահին էլ ունենք հնարավորությւոններ այդ գիծը ծանրաբեռնելու”,- ասաց նա:
Նշենք, որ նոր կայանն ունենալու է 246 մեգավատ հզորություն:

x