Հանրային լսումների համար օգտագործել օնլայն հարթակները. Աշտարակ համայնքի փորձը դրական արդյունք է տվել

Ինչպե՞ս բնակչությանը մասնակից դարձնել համայնքի կառավարմանը, որտե՞ղ հանդիպել բնակչի հետ: Համայնքապետարանները հանրային բաց լսումներ եւ քննարկումներ կազմակերպելու կարգում թվարկված ձեւաչափերից ոչ մեկն արդյունավետ չեն համարում բնակչության լայն մասնակցություն ապահովելու առումով:

«Մարդիկ հետաքրքրված չեն համայնքային բյուջեով, նրանք համայնքապետարան են գալիս միայն անձնական հարցերով»,- սա ամենատարածված բացատրությունն է այն հարցի, թե ինչո՞ւ չի հաջողվում համայնքային բյուջեի քննարկումներին ներգրավել բնակչությանը:

Պարտադի՞ր է քննարկումներն անցկացնել դահլիճում, եթե ժամանակակից տեխնոլոգիաները շփման նոր հարթակներ են առաջարկում, եւ դրանց լայն կիրառությունն արդեն անվիճելի է: Աշտարակի համայնքապետարանում մտածել են, որ մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում սոցիալական կայքերում։ Ուրեմն, ինչո՞ւ չընդլայնել մասնակցայնության գործիքակազմը եւ մարդկանց հետ հաղորդակցությունը տեղափոխել օնլայն հարթակներ:

Աշտարակ համայնքի ղեկավարի տեղակալ Գեւորգ Եղիազարյանն ասում է, որ վերջին երկու տարիներին համայնքապետարանը բյուջետավարման ողջ գործընթացը՝ բյուջեի նախագծումից մինչեւ կատարողականի քննարկումը, իրականացրել է ոչ ստանդարտ ձեւաչափով:

Աշտարակ համայնքի 2018թ. բյուջեի նախագծումն իրականացրել են օնլայն հարթակում՝ համատեղելով սոցիալական մեդիայի եւ համայնքի կայքէջի հնարավորությունները: Համայնքապետարանի պաշտոնական կայքում պատուհան է ավելացվել, որտեղ տեղադրել են համայնքի 2018թ. բյուջեի նախագծի հանրային քննարկման հրավերը: Պատրաստել են բյուջեի հակիրճ, լայն հանրության համար մատչելի տարբերակը եւ ներբեռնման հնարավորությամբ տեղադրել կայքում:

www.ashtarak.am-ի հղումը տարածել են սոցիալական ցանցերում, միեւնույն ժամանակ նշել են, որ սոցցանցերում արտահայտված կարծիքները հաշվի չեն առնվի, կքննարկվեն միայն պաշտոնական կայքում գրված կարծիքները: «Այդպես ունենում ենք ինֆորմացիայի մեկ աղբյուր՝ պաշտոնական կայքը, բնակչին եւս մեկ անգամ հուշում ենք, որ հաճախակի այցելեն համայնքի պաշտոնական կայք եւ այնտեղից տեղեկանան համայնքում կատարվող աշխատանքներին:

Նաեւ ցանկալի է, որ մեկնաբանություններ, առաջարկություններ, կարծիքներ հայտնեն պաշտոնական կայքում: Մասնակցայնությունը խրախուսելու համար նաեւ ասել էինք, որ եթե հիմա ձեր առաջարկները չներկայացնեք, հետո չենք կարող ներառել բյուջեում»,- ներկայացնում է Գ. Եղիազարյանը:

«Սկզբում թերահավատ էինք, որ որեւէ մեկը կարձագանքի, բայց արձագանքներ եղան: Բացի նրանից, որ մարդիկ ողջունում էին մեր նախաձեռնությունը, նաեւ բյուջեում փոփոխություններ կատարելու առաջարկներ ներկայացրին»,- պատմում է Գեւորգ Եղիազարյանը:

Նորարարությունն առաջին անգամ կիրառելիս մոտ 30 կարծիք է ներկայացվել: Մեր հարցին՝ կայի՞ն օգտակար առաջարկներ, որոնք հաշվի առնվեցին բյուջեն կազմելիս, համայնքապետի տեղակալը պատասխանեց. «Մենք նախատեսել էինք փողոցային լուսավորության արդիականացման աշխատանքներ իրականացնել, բայց մի քանի օգտատերեր առաջարկել էին երկրորդային նշանակության փողոցները լուսավորել:

Բնակիչների առաջարկներն ընդգրկվեցին 2018թ. բյուջեում, եւ այդ փողոցներն այսօր լուսավորված են: Առաջարկվել էր նաեւ որոշ փողոցներում գազիֆիկացման հարցը լուծել, որի համար գումար նախատեսեցինք՝ բնակիչներին աջակցելու նպատակով»:

2019-ի բյուջեի հանրային լսումը դարձյալ կատարել են օնլայն տարբերակով, այնուհետեւ կիրառել են ավանդական տարբերակը՝ դահլիճում դեմառդեմ քննարկումը: 2019-ին 11 հոգի է կարծիք հայտնել, որը Գ. Եղիազարյանը բացատրում է նրանով, որ հայտարարել էին նաեւ դահլիճային քնարկում իրականացնելու մասին:

Ոմանք այդ ձեւաչափով են մասնակցել: Երկու ձեւաչափերի կիրառման համեմատական վերլուծությունից հետեւություն են կատարել, որ օնլայն հարթակում կարծիքներն ավելի անկեղծ էին, քան դահլիճային քննարկման ժամանակ:

x