Ինչպե՞ս զարգացնել Գորիսը՝ որպես զբոսաշրջային քաղաք. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ այցը |armtimes.com|

armtimes.com։ Այս շաբաթ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցչի հետ այցելել է Հայաստանի մի շարք զբոսավայրեր` Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակներում նախատեսվող նախագծերի ուսումնասիրության, արդիականության և նպատակայնության գնահատման համար:

Ինչպես հայտնում են Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունից, այցի ընթացքում ուսումնասիրվել է «Դվինի» նախագիծը, որն ուրվագծում է Դվինի` որպես հնագիտական զբոսաշրջային վայրի զարգացման հնարավորությունները։

Հաջորդիվ Սուսաննա Սաֆարյանն այցելել է Խոր Վիրապ վանական համալիր, համայնքի ղեկավարության և եկեղեցու հետ քննարկել տարածքի խնդիրներն ու դրանց լուծոումների տարբերակները։

Մասնավորապես ընդգծվել է տարածքի բարեկարգման` այդ թվում կայանատեղիի, վաճառքի տաղավարների, զբոսաշրջիկների կենսական կարիքների բավարարմանն ուղղված ենթակառուցվածքների, լուսավորման և մուտքի կարգավորման կարևորությունը։ Եկեղեցու հետ փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետամուտ լինել ծրագրի իրականացմանը` համատեղ քայլեր ձեռնարկելով տարածքի բարեկարգման, արդյունավետ վերահսկողության և հետագա պահպանության ուղղությամբ:

Գնահատող թիմն այնուհետև այցելել է Գորիս` տեղում ծանոթանալու քաղաքի նախագծով նախատեսվող ծրագրի և դրա առանձին բաղադրիչների արդիականությանը:

Գորիսում քաղաքապետի հետ շրջայցի ընթացքում Սուսաննա Սաֆարյանը ծանոթացել է այս պահին իրականացվող քաղաքի բարեկարգման ծրագրերին, քննարկվել է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրով նախատեսված Գորիսի նախագծի ամբողջական իրականացման անհրաժեշտությունը, նախանշվել են մեկնարկի հնարավոր ժամկետները։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահը քաղաքային իշխանությունների հետ մտքեր է փոխանակել Գորիսի` որպես զբոսաշրջային քաղաքի զարգացման, Հին Գորիս քարանձավային քաղաքի բարեկարգման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման, ինչպես նաև այն որպես զբոսաշրջային ուղղություն դիրքավորելու քայլերի վերաբերյալ։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա աշխատանքների իրականացման ուղղությամբ առավել սերտ համագործակցելու վերաբերյալ։

x