Քննիչ հանձնաժողովի արդյունքը հանրության համար կլինի անհերքելի. Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի արդյունքները հասարակության համար պետք է լինեն ահերքելի, կառուցված կլինեն միայն ճիշտ փաստերի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Իմ քայլը» խմբակցության ասուլիսում այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Հանձնաժողովն այս պահին շատ լուրջ քայլեր է իրականացնում Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի շրջանակում: Հանձնաժողովն ըստ էության անցել է առաջին նախապատրաստական փուլը: Ամռան շրջանում և արդեն աշնան առաջին ամիսը կլինի գերհագեցած: Քննիչ հանձնաժողովը մեզնից բավականին մեծ ուժեր է տանելու, որովհետև այս հանձնաժողովի արդյունքները հասարակության համար պետք է լինեն անհերքելի, պետք է կառուցվածք լինեն միայն ճիշտ փաստերի վրա»,- ասաց Քոչարյանը:

Հանձնաժողովի նիստը շատ դեպքերում բաց չի լինի լրագրողների ահմար: Սակայն Քոչարյանը վստահեցրեց, որ պարբերաբար տեղյակ կպահեն, թե ինչ քայլեր են հաջորդում մեկը մյուսին:

x