Այս պահին երկու վարկած կա. մեկն արտաքին, մյուսը՝ ներքին. Փոխնախարարը՝ էներգետիկ համակարգի վթարի մասին |news.am|

news.am: Բոլոր խոշոր կայանների ու ենթակայանների կրիչներից բոլոր տվյալները ստացված են, վերլուծական փուլում են գտնվում. վերլուծությունից հետո երբ պարզ դառնա, թե որ հատվածից է վթարը սկսվել, պատճառների վերաբերյալ հնարավոր կլինի որեւէ բան ասել: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարին:

Նրա խոսքով, այս պահին երկու վարկած կա. մեկը, որ հնարավոր է հաճախականության տատանումը եկած լինի Իրանից, մյուսը, որ մեր ներքին խնդիրների, տեխնոլոգիական խնդիր առաջացած լինի երկու կայաններում (Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ եւ Երեւանի ՋԷԿ):

Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ներքին պատճառը բացառվում է, երկու վարկած կա, երկուսն էլ արտաքին են, Հակոբ Վարդանյանն ասաց. «Վարչապետի հայտարարությունից հետո ուսումնասիրման դինամիկան փոխվել է: Վարչապետին զեկուցվել է այդ պահին առկա վարկածները, սակայն մենք հիմա չենք բացառում, որ վթարը եղել է ներքին տեխնոլոգիական խնդրի պատճառով «Երեւան ՋԷԿ»-ում կան «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկում:

Երբ ամբողջական պատկերը պարզ լինի, ես ավելի հստակ կասեմ: Հիմա ճիշտ չի կտրված բաներ ասել, որոնք միգուցե հետո հերքվեն: Չեմ կարող ասել, թե որն է ավելի հավանական տարբերակ: Մենք մեր իրանցի գործընկերներից հենց առաջին րոպեներից տեղեկություն ենք ստացել, որ իրենք ունեցել են վթար, հետո իրենցից ստացել ենք տեղեկություն, որ վթարը լոկալ է եղել եւ չի հասել մեզ: Մեր տեսչական մարմինները պետք է զբաղվեն այս հետաքննությամբ եւ զբաղվում են»:

Փոխնախարարի խոսքով, մոտ մեկ ամսվա ընթացքում կլինի պատասխանը. «Միգուցե հնարավոր է երկարի, չեմ կարող ասել, որովհետեւ բազմաթիվ տվյալներ են ճշտվում: Հաճախականության տատանումները մոտ 35-40 րոպե են տեւել: Պետք է ստուգվեն բոլոր կրիչները, որոնք բազմաթիվ են: Մենք համագործակցում ենք բոլոր իրավապահ մարմինների հետ եւ տրամադրում ենք այն տեղեկությունները, որ ունենք»:

Հարցին, թե էներգետիկ ցանցի ապահովվածությունը հաքերային հարձակումներից ինչ մակարդակի վրա է, նա արձագանքեց. «Բարձր մակարդակի վրա է, բայց ամբողջ աշխարհում ամենահուսալի բանն էլ հնարավոր է խափանել, որովհետեւ ստեղծված է մարդու կողմից, մարդն էլ կարող է խափանել: Այսօր գործող լավագույն համակարգն է Հայաստանում ներդրված, չկա աշխարհում ամենալավը»:

x