Առաջիկա երեք տարիների համար կանխատեսվում է միջինում 5 % տնտեսական աճ. հիմնական նպաստողը ծառայություններն են լինելու |hetq.am|

hetq.am: Կառավարությունը երկու օր առաջ դռնփակ նիստում հաստատել է Հայաստանի 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ)։ Չնայած մեր հասարակության մեջ այս ծրագիրը, որպես կանոն, քիչ է քննարկվում, սակայն իրականում այն բավականին կարևոր փաստաթուղթ է։ Այն ներկայացնում է առաջիկա երեք տարիների երկրի տնտեսական քաղաքականության տեսլականը, ռազմավարությունը։ Կանխատեսվում են կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշներ։

Կանխատեսվում է միջինում 5 % տնտեսական աճ

Միջնաժամկետում, ըստ այս ծրագրի, կանխատեսվում է միջինում 5 % տնտեսական աճ, որը հիմնա­կանում պայմանավորված կլինի ծառայությունների և արդյունաբերության ճյուղերի աճով։ 2019 թվականի համար կանխատեսվում է 5.4 %, իսկ 2020-2022 թվականներին՝ համապատաս­խանաբար՝ 4.9 %, 5 % և 5.1 % տնտեսական աճ:

Համախառն ներքին արդյունքի (այսուհետև` ՀՆԱ-ի) նկատմամբ պետական բյուջեի եկամուտ­ների հա­­րաբերության ցուցանիշը 2020-2022 թթ. կտատանվի 24.5 %- 24.7 %-ի սահման­ներում: Հիմք ըն­դու­­նելով պե­տա­կան բյու­ջեի եկամուտների կանխատեսումային իրական ծավալ­նե­րը` Կառա­վա­րու­թյունը ծրագրում է 2020-2022թթ ծախսերի միջին տարեկան մակարդակը պահպանել ՀՆԱ-ի 26.8 % - 26.9 %-ի սահմաններում:

Ծառայությունների և արդյունա­բե­րութ­յան ճյուղերի նպաստումը ՀՆԱ-ի միջին աճին կկազմի համապատասխանաբար՝ 3.4 և 0.7 տոկոսային կետ:

Նկատենք, որ արդյունաբերության նպաստումը, փաստորեն, փոքր է լինելու՝ ի տարբերություն ծառայությունների։ Եվ ստացվում է, որ առաջիկա տարիների համար տնտեսական աճի որակի էական բարելավում տեղի չի ունենա, եթե ծառայությունների ոլորտում շարունակի մեծ կշիռ ունենալ խաղային ոլորտը՝ բուքմեյքերական ընկերություններն ու խաղատները։

Մինչ այժմ էլ Հայաստանի տնտեսական աճի հիմնական աղբյուրը եղել են ծառայությունները։ Սա բոլոլովին գոհացուցիչ չէ, քանի որ ինչպես բազմիցս նշվել է՝ ծառայությունների ոլորտում մեծ կշիռ ունեն բուքմեյքերական ընկերություններն ու խաղատները, որոնք հետագա տարիների համար տնտեսական կայուն աճի հիմքեր չեն ստեղծում։ Ծառայությունների ոլորտի աճով կարելի է «հպարտանալ» միայն այն դեպքում, երբ խաղային ոլորտի դերը դրանում թուլանա։

Ավելին՝ hetq.am-ում

x