Միջազգային կազմակերպությունները արձագանքել են մտահոգություններին՝ կապված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխությունների հետ․ Սյուզաննա Սողոմոնյան

Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանի հետ զրուցել ենք «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։

Տիկին Սողոմոնյան, վերջերս Արարատ Միրզոյանը ներկայացրել էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ի կողմից։ Ի՞նչ է բերում այս նախագիծը, ի՞նչ կարելի է սպասել այս փոփոխություններից։

Նախ նշեմ, որ նախագիծը չի ներկայացվել հանրային քննարկման և չի ենթարկվել հակակոռուպցիոն փորձաքննության, նույնիսկ չեն կազմակերպվել փորձագիտական քննարկումներ մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, ովքեր հակակոռուպցիոն բարեփոխումների առաջատարներից ու նախաձեռնողներից են․ Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ԱԺ-ում կազմակերպված առաջին ընթերցումից ընդամենը մեկ օր առաջ և շատ պատահական են իմացել այս նախագծի գոյության մասին։

Գործընթացը կազմակերպված է ոչ բարեխիղճ, առնվազն չեն ապահովվել բարեխղճության մաս կազմող թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքները։ ԱԺ կայքում ներկայացված տեղեկությունների համաձայն, նախագիծը հեղինակվել է ԱԺ նախագահի կողմից, բայց իշխանական պատգամավորներից մեկը իր ելույթներից մեկում նշել էր, թե նախագծի շուրջ աշխատանքային խումբ է աշխատել, որտեղ որոշումները կայացվել են կոնսենսուսով։

Բնականաբար, այս իրարամերժ տեղեկությունները արդեն բավարար հիմքեր են տալիս գործընթացը ոչ թափանցիկ, որոշ առումներով նաև՝ «գաղտնի պայմաններում մշակված» որակելու համար։ Օբյեկտիվ կլինի, հանրությանը ներկայացնել այս նախագծի իրական հեղինակներին և աշխատանքային խմբի անդամներին։ Ես չեմ բացառում նաև, որ հանրությանը իրական տեղեկություններ ներկայացնելու դեպքում պարզ կդառնա, որ այս նախագիծը մշակվել է իշխանության հետ սերտաճած ՀԿ-ների և նրանց իշխանական գործընկերների կողմից՝ նպատակով ունենալով հենց իրենց օրակարգը առաջ տանել։

Այնուամենայնիվ, ի՞նչ կարծիք ունեք նախագծով առաջարկվող փոփոխությունների և լրացումների վերաբերյալ։

Հաշվի առնելով այդ նախագծով սահմանված իրավակարգավորումները՝ ես կարող եմ ասել, որ սա ոչ հիմնավոր, սուբյեկտիվ և միջազգային հայտնի հակակոռուպցիոն սկզբունքներին հակասող նախագիծ է։ Նախագծով վերանալու է մրցութային խորհուրդը, որը բաղկացած է Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների պաշտպանի, Փաստաբանների պալատի, Հանրային խորհրդի և ԱԺ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչներից։ Այնինչ, մրցութային խորհուրդը կոչված է ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության ապաքաղաքականացված, անկողմնակալ և արդար գործընթացը, որը բխում է նաև Ջակարտայի հայտնի սկզբունքներից։

Քննարկվող նախագծով, առանց հիմնավոր փաստարկների, վերանալու է մրցութային խորհուրդը, իսկ հանձնաժողովի անդամների ընտրությունը, փաստորեն, անցկացվելու է խիստ քաղաքականացված գործընթացով։ Մասնավորապես, հանձնաժողովի անդամի թեկնածուներից 5-ից 3-ին առաջադրում է կառավարող ուժը, որից 1-ը՝ Կառավարության կողմից, ընդ որում՝ Կառավարությունը նշանակում է նաև հանձնաժողովի նախագահին, իսկ 2 անդամները՝ ԱԺ կառավարող խմբակցության կողմից։ Այն դեպքում, եթե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները համախոհությամբ չներկայացնեն 4-րդ թեկնածուին, այդ անդամին ևս առաջադրում է իշխող ուժը՝ ի դեմս ԱԺ կառավարող խմբակցության։

Վերջին՝ 5-րդ թեկնածուին էլ առաջադրում է ԲԴԽ-ն։ Ավելի պարզ եղանակով ասեմ. եթե ընդդիմադիր խմբակցությունները, տվյալ դեպքում՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չունենան համաձայնություն միասնական թեկնածու առաջադրելու հարցում, ԱԺ-ի կողմից առաջադրվող բոլոր 3 թեկնածուներին առաջադրում է իշխող ուժը՝ «Իմ Քայլը» խմբակցությունը։

Եթե սրան գումարենք նաև Կառավարության կողմից առաջադրվող 1 թեկնածուին, ապա ստացվում է 5 անդամներից 4-ին նշանակում է իշխող ուժը։ Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի կողմից ներկայացվող թեկնածուին, այստեղ ես նույնպես ունեմ մտահոգություններ առ այն, որ 5-րդ թեկնածուին էլ հնարավոր է իրականում առաջադրի իշխող ուժը, քանի որ վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ԲԴԽ-ի երկու թեկնածուները առաջադրվել են բացառապես «Իմ Քայլի» կողմից, և այն չի քննարկվել ընդդիմադիր խմբակցությունների հետ։

Որո՞նք են լինելու նախագծի հետ կապված ձեր քայլերը։

Նախ նշեմ, որ նույն օրը, երբ ԱԺ-ում քննարկվում էր նախագիծը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտարարություն էր տարածել, որով հայտնել էր իր բացասական վերաբերմունքը նախագծի նկատմամբ, ինչպես նաև հորդորել էր ԱԺ նախագահին հետ կանչել օրինագիծը։

Միաժամանակ, օրինագիծը հետ կանչելու մասին առաջարկը չընդունելու դեպքում, հորդորել ենք ԱԺ նախագահին՝ մինչև օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը ներկայացնել նախագծի փորձաքննության արդյունքները, հիմնավորումը՝ օրենքով նախատեսված բոլոր բաղադրիչներով, հրատապ կարգով նախաձեռնել խորհրդարանական լսումներ օրենքի նախագիծը ոլորտի բոլոր դերակատարների մասնակցությամբ քննարկելու նպատակով, ստեղծել ԱԺ-ՔՀԿ-Կառավարություն աշխատանքային խումբ՝ հակակոռուպցիոն մարմնի հայկական մոդելի ներդրմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի մշակման համար։

Դրան զուգահեռ՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի իրականացմանը օժանդակող տարբեր միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին և 7-րդ գումարման խորհրդարանական ընտրություններին մասնակցած մյուս քաղաքական ուժերի ղեկավարներին ներկայացրել ենք ստեղծված իրավիճակը և խնդրել ենք իրենց մանդատի և գործիքակազմի շրջանակներում հորդորել հետ կանչել վիճելի նախագիծը։

Պետք է նշեմ, որ որոշ միջազգային հեղինակավոր կազմակերպություններից ունենք արձագանքներ, և ներկայումս իրենց հետ գտնվում ենք քննարկումների փուլում։
Ավելացնեմ նաև, որ այժմ ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ ՀՀ մարզերում կազմակերպում ենք ՀՀ 2019-2022թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի լրամշակված նախագծերի հանրային քննարկում, որի շրջանակներում քննարկվելու է նաև Հայաստանի համատեքստին և իրողությանը համապատասխան հակակոռուպցիոն մարմնի հայկական մոդելի տարբերակը։ Այս բոլոր գործընթացների արդյունքների մասին պարտադիր կտեղեկացնենք պատկան մարմիններին և հանրությանը։

x