Մատաղիսի աղմկահարույց գործի քննությունը վերսկսվել է. այն կքննի ԱԱԾ–ն |news.am|

news.am։ 16 տարի առաջ Մատաղիսում երկու զինվորի սպանության դեպքի կապակցությամբ քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քննությունը վերսկսելու հանձնարարությամբ։ Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, որով 2015թ․ նախաքննական մարմնի կողմից կայացվել էր վարույթը կասեցնելու մասին որոշում, պահանջվել և ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում:

Արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ քննությունը վերսկսելու հանձնարարությամբ՝ նկատի ունենալով, որ քրեական գործով առկա են պարզման, ստուգման և հստակեցման ենթակա մի շարք առանցքային նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քննչական, դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Վերսկսված նախաքննության ընթացքում ձեռնարկվում են օրենքով նախատեսված հնարավոր բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ, հետազոտման, հանցանք կատարած անձի (անձանց) բացահայտման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Մատաղիսի աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել 2003 թվականին։

Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասի զինծառայողներ Ռոման Եղիազարյանը և Հովսեփ Մկրտումյանը քաղցրավենիք գնելու նպատակով դուրս են եկել զորամասից և չեն վերադարձել։ 15 օր անց երկու զինծառայողների դիակները գտել են Մատաղիսի ջրանցքում։ 2005թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր է ճանաչել նույն զորամասի զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին ու Արայիկ Զալյանին և նրանց դատապարտել է 15 տարի ազատազրկման։

2006-ին Վերաքննիչ դատարանը խստացրել էր պատիժը՝ նրանց դատապարտելով ցմահ ազատազրկման, այնուհետև Վճռաբեկ դատարանը դեկտեմբերին բեկանել էր դատավճիռները եւ գործն ուղարկել նոր նախաքննության, եւ մեկ տարի անց երեք տղաները կրկին գործում ներգրավվեցին որպես մեղադրյալ:

Ավելին՝ news.am-ում

x