Սեւանից պետք է հանվեն ձկնաբուծական օբյեկտները. փորձագետ |lragir.am|

lragir.am: Մեր զրուցակիցն է ջրային ռեսուրսների մասնագետ Քնարիկ Հովհաննիսյանը

Տիկին Հովհաննիսյան, Սևանա լճի վիճակը շտկելու Շրջակա միջավայրի նախարարության աշխատանքները որքանո՞վ են բավարար։ Նախարարն ասել է, որ առաջին անգամ ամբողջությամբ գույքագրվել է մաքրման ենթակա ընդհանուր ծավալը, ուսումնասիրվել է Սոթքում պոչամբարների ու թափոնակույտերի ծավալները, եռաչափ մոդելավորում է իրականացվում։ Սրանք բավարա՞ր քայլեր են։

Այո, նախարարն դրանք ասել է, բայց մենք չենք կարող համոզված լինել, որ այդ բոլորն արվել է։ Առողջապահության նախարարությունը ջրի նմուշներ վերցրեց, որ լուրջ անալիզ իրականացնի, հետազոտություն է իրականացնում ԳԱԱ Կենսաբանության ու իխտիոլոգիայի ինստիտուտը, բայց դրանք երկարատև անալիզներ են, դրանք դեռ պատրաստ չեն։

Մինչդեռ դա հենց Էրիկ Գրիգորյանի գործն էր առաջին հերթին։ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է առաջին հերթին դրանով մտահոգված լիներ։ Մենք խնդիրները գիտենք, գիտենք՝ ինչու է «ծաղկում» լիճը, գիտենք, թե ինչ է պետք անել։ Իսկ ինքը դա ասում է մի քանի տարի հետո, երբ մենք նախօրոք զգուշացնում էինք։ Միայն Սևանի մասին չէ խոսքը, այլ նաև Թեղուտի, Ամուլսարի մասին և այլն։ Այն տխուր կանխագուշակումները, որ ինքս եմ գրել Թեղուտի մասին, ուղիղ երեք տարի հետո կատարվեց։ Բայց ես չէի սպասում, որ այսքան շուտ կլինի։

Նախարարը նշել է, որ մենք ճահճացման չենք գնում։

Ճահճացումը մի քիչ ամպագոռգոռ բառ է, որովհետև դա ժամանակավոր երևույթ է, որն ի վերջո անցնում է։ Սրտի մխիթարության համար նախարարն ասում է, որ Սև ծովն էլ է «ծաղկում», Բայկալն էլ է «ծաղկում», մինչդեռ Բայկալը քաղցրահամ ջրով աշխարհի ամենախոր ու մաքուր լիճն է։ Այնտեղ ուրիշ խնդիրներ են, իսկ մեզ մոտ լիճը «ծաղկելու» պատճառները հետևյալն են. տարածաշրջանի Սևանի ամբողջ ջրահավաք ավազանի տարածքում գտնվող բնակավայրերի կեղտաջրերն ու կոյուղաջրերը, աղբը, լցվում են գետերն ու հասնում Սևան։

Սևան է լցվում 28 գետ, իսկ դուրս է գալիս միայն Հրազդանը։ Այդ գետերը բերում են 170 մլն խմ ջուր տարեկան։ Հենց այդ ջրի քանակով է պայմանավորված, որ օրենքով սահմանված է, որ տարեկան Սևանից կարելի է 170 մլն խմ ջուր բաց թողնել։ Քանի որ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մեր գետերի ջրերի նոսրացել են, իմ խորին համոզմամբ մեր գետերն այդքան ջուր չեն բերում Սևան։

Բացի դրանից, ջրերի ջերմաստիճանն է բարձրացել, կլիմայի փոփոխության և կեղտաջրերը Սևանը լցվելու պատճառով Սևանի ջրի ջերմաստիճանն է բարձրացել, արդյունքում Սևանի սառը շերտը փոքրացել է։ Հաջորդն այն է, որ Սևանի շրջակա տարածքներում բազմաթիվ օբյեկտներ, ռեստորաններ, այլ օբյեկտներ են կառուցված, որոնց կեղտաջրերը լցվում են Սևանը։

Կա մարդ, որ պարտաճանաչ սարքում է զուգարան, հետո ժամանակ առ ժամանակ մեքենաներով դրանք տանում, թափում են։ Սակայն ռեստորանների, հանգստյան գոտիների, ճաշարանների մեծ մասը մաքրում չի կատարում։ Սևանի շուրջը 400 օբյեկտ կա, որից միայն 14-ն ունեն մաքրման կայան։ Բացի այդ, Սևանի շուրջը կան գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, որոնք ջրվում են, անպայման քիմիական պարարտանյութ են օգտագործում, որոնք լվացվում ու անձրևների հետ նորից լցվում է Սևանը։

Եվ վերջապես ձկնաբուծություն արհեստականորեն Սևան մտցնել չէր կարելի, քանի որ այդ տարածքներում, որտեղ արհեստական ձուկ են աճեցնում, ձկներին տալիս են տարբեր կերեր, որոնք չգիտենք՝ ինչ պարունակություն ունեն, տալիս են կոնսերվանտներ, ներկեր, անտիբիոտիկներ։ Ձուկը չի հասցնում այդ ամենն ուտել, դրանք մնում են լճում և նստում հատակին։ Այդ նյութերը չեն տարալուծվում, դրանք ունեն կուտակային հատկություն, անընդհատ ավելանում են։ Այսինքն՝ մենք ունենում ենք լճի հատակի երկրորդական աղտոտում։

 

Ավելին՝ lragir.am-ում

x