Ամուլսարի 1-ին պոստի մոտ լարված իրավիճակ է

Լրագրող Շահանե Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ամուլսարի 1-ին պոստի մոտ լարված իրավիճակ է։ Ոստիկաններն առանց հիմնավորման փորձում են ձերբակալել տեղացիներին և Ամուլսարի պաշտպաններին։

Ավելի վաղ վերջիններս տեղեկություն էին ստացել, որ ինչ-որ անձինք փորձելու են այսօր մուտք գործել Ամուլսարի տարածք։ Վաղ առավոտից նրանք հավաքվել էին, որ թույլ չտան դա։

Մոտ կես ժամ առաջ՝ 11։ 20-ի սահմաններում, առաջին պոստին են մոտեցել մեքենաներ, որտեղ, ըստ ականատեսների վկայությունների, եղել են ինչ-որ փորձագետներ և քննչականի ներկայացուցիչներ։

Ականատեսի խոսքով՝ ոստիկանները թույլ են տվել, որ այդ մեքենաննեն առաջին պոստի մոտով անցնեն և բարձրանան դեպի Ջերմուկ քաղաք և 2-րդ պոստ տանող ճանապարհը, սակայն, երբ տեղացիները և Ամուլսարի պաշտպանները, փորձել են նրանց հետևից գնալ և հասկանալ, թե ուր են գնում, արդյոք փորձո՞ւմ են մուտք գործել դեպի Ամուլսար տանող հատված, ոստիկանները շարասյունով փակել են նրանց ճանապարհը։ Դրանից հետո առանց հիմնավորման՝ փորձել են ձերբակալել մարդկանց։

Ոստիկանությունը և քննչականը բանակցում են տեղացիների հետ: Քննչական կոմիտեն պահանջում է բացել հանք տանող ճանապարհը։

Երեկ տեղացիները հայտարարություն են տարածել՝ պահանջելով փորձաքննական աշխատանքների շրջանակներում արձանագրել համայնքի դիրքորոշումն ու իրավունքների խախտումները։ Այժմ տեղացիները փակած են պահում Գնդեվազի կողմից Ամուլսար տանող ճանապարհը»:

x