Ոչ թե 6 միլիոնի լիմոնադ, բրինձ, մթերք գնել բարեգործության համար, այլ նման կենտրոն ստեղծել է պետք. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com։ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում կազմակերպվել էր «ՍՄԱՐԹամեջ» միջոցառումը, Նիկոլ Փաշինյանը եւ ՔՈԱՖ-ի հիմնադիր դոկտոր Կարո Արմենը ելույթներ են ունեցել:

Վարչապետի խոաքից հետո Կարո Արմենը, շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ներկայության, այցի եւ ջերմ խոսքերի համար, ներկաներին հայտնեց, որ իրենք պատրաստ են պատասխանել 3 հարցերի:

Ներկաներից մի կին նշեց, որ ինքը 30 տարուց ավելի է արդեն բնակվում է ԱՄՆ-ում, Լոռու Չկալով գյուղից է եւ իր ընտանիքի միջոցներով իր հայրենի գյուղում ջրագիծ են անցկացրել, լուսավորության խնդիր լուծել եւ անգամ դաշնամուր են գնել՝ գյուղի երեխաների համար զբաղմունք ստեղծելով:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ խոնարհվում է բոլոր այն մարդկանց առջեւ, որոնք իրենց հայրենակիցների նկատմամբ հարազատական զգացում ունեն, օգնում եւ աջակցում են նրանց՝ ցանկացած քայլով: Նա նշեց, որ այդ ամենով հանդերձ ցանկանում է բերել մեկ այլ օրինակ՝

«Այս կենտրոնի վրա 6 միլիոն դոլար է ծախսվել: Ես ասում եմ, որ կան մարդիկ, որոնք մտածում են, որ օրինակ Նոր Տարվանից առաջ ոչ թե 6 միլիոնի լիմոնադ, մթերք կամ բրինձ գնենք մարդկանց համար, այլ նման կենտրոն ստեղծենք: Սովորաբար այդ օգնությունները այլ նպատակներ ունեն՝ օրինակ ընտրություններին ձայն հավաքել կամ այլ բան, իհարկե ոչ բոլոր դեպքերում:

Ես խոսում եմ բարեգործության 2 մոդելների մասին, Էն մոդելը մարդուն գցում է կախվածության մեջ՝ պսեվդո եւ իրական լիդերներից՝ շնորհակալ լինել օգնության համար եւ մյուս դեպքում՝ ազատ լինել ստեղծագործելու, սովորելու համար: Սա է 2 մոդելների տարբերությունը: Մարդուն ոչ թե պետք է ձուկ տալ, այլ պետք է սովորեցնել ձուկ բռնել, դա է իրական օգնությունը»:

x