Եթե Արթուր Գրիգորյանը վստահ է, որ Սևանի հարցով կոռուպցիոն պրոցեսներ կան, կարող է դիմել իրավապահներին. նախարարը և «Իմ քայլ»-ի պատգամավորը միակարծիք են |tert.am|

tert.am:  Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում հակիրճ պատասխան տվեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի հայտարարությանն, ըստ որի՝ Սևանի հարցով պաշտոնյանների կողմից բովանդակային արձագանք չտալը ցույց է տալիս, որ հենց այս պահին ընթանում են բացահայտ կոռուպցիոն պրոցեսներ:

«Բոլոր մտահոգությունները, որտեղ Արթուր Գրիգորյանն անդրադառնում է և գտնում է, որ իրավական հարցեր և խնդիրներ կան, կարող է դիմել դատախազություն և քննչական մարմին»,-ասաց նա:

Նշենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի` արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը, անդրադառնալով Սևանի խնդրին, Facebook-ի իր էջում գրել էր, որ ինչպես նախորդ, այնպես էլ ներկա իշխանություններն ամեն բան արել են հետաձգելու Սևանում ստուգումները: Նա նաև գրել է, որ իշխանությունները մասնավորի հետ «կոռուպցիոն» համագործակցության մեջ են ու Սևանի հարցը լուծելու կամք չունեն:

Էրիկ Գրիգորյանը, խոսելով մի շարք խնդիրների շարքում Սևանի ցանցային ձկնաբուծական ընկերության գործունեությանն անդրադարձին, ասաց, որ այն ևս նպաստում է լճի հատակի ֆոսֆորային նստվածքի կուտակմանը, ինչն էլ իր հերթին նպաստում է լճի «ջրի ծաղկմանը»: Նա նաև հիշեցրեց, որ դա չի կարելի մասնավորի հետ համագործակցություն անվանել, քանի որ ցանցային ձկնաբուծարանը պետական ծրագիր է: Նա ավելի վաղ հայտնել էր, որ եթե հաստատվի նրա բացասական ազդեցությունը՝ ընկերության գործունեությունը կարգելվի։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ նախկինում կառավարման հետ կապված խնդիրներ եղել են, հիմա էլ դրանք որոշակիորեն շարունակվում են: Ինչպես նախարարը, նա ևս կարծիք հայտնեց, որ տեսչական մարմնի նախկին ղեկավարը նման համոզում ունենալու պարագայում կարող է դիմել իրավապահ մարմիններին:

«Կարծում եմ, որ եթե այդպիսի պատճառահետևանքային կապ են տեսնում կամ նման խախտումների մեջ վստահ են, պարզապես պետք է դիմել իրավապահ մարմիններին՝ տրամադրելով համապատասխան տեղեկատվություն: Ես չեմ ցանկանա այս պահին մեկնաբանություն անել այդ մասով»,-ասաց Մերի Գալստյանը:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ են, որ ներկա իշխանությունները տնտեսական շահը վեր դասեն բնապահպանական խնդիրներից, Մերի Գալստյանը պատասխանեց. «Բազմիցս լսել եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ տնտեսական որևէ շահ չի կարող գերակա լինել մեր առողջության ու շրջակա միջավայրի նկատմամբ: Ու հենց այդ կաղապարից, սկզբունքից ելնելով էլ՝ պետք է հավասարակշռված գործունեություն ծավալել, որոշումներ կայացնել: Տնտեսական շահը մարդու առողջությանը կամ շրջակա միջավայրին գերակայելը ես անձամբ՝ որպես պատգամավոր, անթույլատրելի եմ համարում»:

Պատգամավորը նշեց, որ ցավալի է, որ Սևանա լճի նման իրավիճակի ականատեսն ենք, որն առաջին անգամ չէ տեղի ունենում:

«Այս պահին ինձ մնում է եզրակացնել, որ վատ կառավարման հետևանքով է, որ նման իրավիճակի ականատեսն ենք: Իրավիճակը պետք է արագ վերահսկողության տակ վերցնել, անել անհրաժեշտ միջոցառումները՝ համալիր ու ռազմավարական, կարճաժամկետ ու երկարաժամկետ, որպեսզի այդ իրավիճակը չեզոքացվի և առաջիկայում նման խնդիրներ չլինեն: Դա միանգամից կամ մեկ-երկու օրում տեղի ունեցող գործընթաց չէ: Մենք գործ ունենք կենդանի օրգանիզմների ու կենդանի, բնական աշխարհի հետ, որի նկատմամբ ցանկացած միջամտություն հղի է վտանգներով: Վստահ եմ, որ կառավարության ներկայացուցիչներն ու ԱԺ մեր հանձնաժողովի շրջանակներում ամեն բան անելու ենք, որ այդ խնդիրները լուծվեն»,-ասաց նա:

x