COVID-19-ը կարո՞ղ է նվազել մարտի վերջից․ մի հրապարակման պատմություն
18:22 - 23 մարտի, 2020

COVID-19-ը կարո՞ղ է նվազել մարտի վերջից․ մի հրապարակման պատմություն

Մարտի 21-ին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի կայքում հրապարակվել էր «Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից» վերտառությամբ հոդված։

Հոդվածում մասնավորապես նշվում է․

«Մերիլենդի համալսարանի գիտնականները կորոնավիրուսի կանխարգելման դեմ միջոցների մշակման գործում խորհուրդ են տալիս հաշվի առնել եղանակային կանխատեսումները։ Հետազոտողները ուշադրություն են դարձրել, որ COVID-19-ի ամենախոշոր համաճարակները բռնկվում են այն երկրներում, որոնք գտնվում են մոլորակի հյուսիսային կիսագնդի բավականին նեղ լայնության գոտիներից մեկում: Հենց այստեղ են տեղակայված Իտալիան, Իսպանիան, Իրանը, Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան, ինչպես նաև Չինաստանը»։

Վերոնշյալը վերցված էր ռուսական Vesti.ru կայքից։ Ո՛չ «Լուրեր»-ի կայքում, և ո՛չ էլ vesti.ru-ում հղում տրված չէր հետազոտողների զեկույցի բնօրինակին։

Infocom-ը որոշեց պարզել, թե արդյոք ճշգրիտ է ներկայացված այս տեղեկությունը։

Նախ նշենք, որ զեկույցը միայն Մերիլենդի համալսարանի հետազոտողների կողմից չէ պատրաստվել։ Ուսումնասիրությանը մասնակցել են նաև ամերիկյան երկու կազմակերպություններ (Global Virus Network, The Nature Conservancy), ինչպես նաև երկու հետազոտողներ Թեհրանից (Իրան)։ Զեկույցը պատրաստողների կազմը կարող եք տեսնել ստորև․

Զեկույցի բնօրինակի հենց սկզբում նշվում է, որ վիրուսի վրա ջերմաստիճանի ազդեցության վերաբերյալ իրենց ներկա ընկալումը դեռևս թերի է։

Բացի այս, այն քարտեզը, որում պատկերված է ջերմաստիճանային գոտիները, պատրաստվել է փետրվար ամսին, երբ կորոնավիրուսի տարածումը ներկայիս մակարդակի վրա չէր գտնվում։

Հետազոտության համահեղինակ Էնթոնի Ամորոսոն Մերիլենդի համալսարանին տրված հարցազրույցում ասել է․

«Կարևորն այն է, որ սա ստուգելի վարկած է։ Եթե ճիշտ լինի, ապա այն կարող է շատ օգտակար լինել առողջապահական համակարգի պատրաստվածության, հսկողության, և վիրուսի զսպման համար»։

Այսպիսով, հանրայինի «Լուրեր»-ի  կայքում հրապարակված հոդվածն ընդամենը որոշ հետազոտողների կողմից առաջ քաշված վարկած է, որը դեռևս, հենց նույն հետազոտողների կարծիքով, ունի կատարելագործման, ճշտման կարիք։

Նշենք, որ ըստ topuniversities.com կայքի՝ Մերիլենդի համալսարանն աշխարհի համալսարանների շարքում 136-րդ տեղում է։





Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել