ԱԱԾ-ն այցելել է Սանասարյանի կնոջ աշխատավայրն ու երեխաների դպրոցը.Դավիթ Սանասարյան |armtimes.com|
12:23 - 02 հոկտեմբերի, 2019

ԱԱԾ-ն այցելել է Սանասարյանի կնոջ աշխատավայրն ու երեխաների դպրոցը.Դավիթ Սանասարյան |armtimes.com|

armtimes.com:    Երբ ես ներգրավված չէի այս գործով, որպես մեղադրյալ, որպես կասկածյալ, ինձ մոտ են եկել Ադյանի հարազատները, փաստաբանները եւ ասել են, որ Ադյանին քննիչները ստիպում են, որ ինձ վրա ցուցմունք գրի նա։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը։

Նա նշեց, որ հետագայում այդ մարդիկ հրաժարվել են, որ նման բան են ասել: Սանասարյանը նաեւ հայտնեց, որ այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանին, բայց մասնավոր զրույցից մանրամասներ չհրապարակեց:

Սանասարյանի տպավորությամբ՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու Սամվել Ադյանի` իր դեմ ցուցմունքները մի սենյակում են գրվել, քանի որ շատ սահուն փոխլրացնում են իրար:


Սանասարյանը նաեւ հայտարարեց, որ Արսեն Թորոսյանն ակնհայտ շահագրգիռ է եղել ՊՎԾ-ի կողմից ԵՊԲՀ-ում ստուգումների արդյունքների մասով: Հեգնելով ԱԱԾ նախկին պետին էլ՝ ասաց, որ ինքն էլ շատ բան գիտի, բայց քանի որ խոսքը ազգային անվտանգությանն է վերաբերում, չի խոսի:

Սանասարյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ում որեւիցե ուսումնասիրություն վերահսկող մարմնի կողմից չի իրականացվել․

«Ես կարծում էի, որ կառույցի սպեցիֆիկությունը հաշվի առնելով` պետք է էնպես անել, որ էնտեղ արխային չընկնեն ու չանեն էն, ինչ ուզում են անեն: Հիմա ես էլ եմ մամուլից տեղեկացված, որ նման բան կա, 100 տոկոս վստահ չեմ, բայց եթե ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում, ողջունելի է միանշանակ»:

Հայտնի է նաեւ, որ ԱԱԾ-ն այցելել է Սանասարյանի կնոջ աշխատավայրն ու երեխաների դպրոցը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ էր ԱԱԾ-ն այնտեղ փնտրում: Ի պատասխան՝ Սանասարյանն արձագանքեց․

«Իմ համար աբսուրդ էր, նյարդայնացնող էր, որ փորձում էին նախ կնոջս աշխատավայր գնալ ու անձնական գործեր ուզել, բայց այդ դեպքում աշխատողի համաձայնությամբ պետք է լինի, իսկ կինս համաձայնություն չէր տվել, ու իրենք վրդովվել էին, չգիտեմ` այլ ձեւով կփորձեն էդ բանի տակից դուրս գա՞լ, թե ոչ: Բացի դրանից՝ գնացել էին ոչ միայն տղաներիս դպրոց, այլեւ մեծ տղայիս նախկին դպրոց: Չեմ հասկանում՝ էս մարդիկ ի՞նչ էին ուզում գտնել, դարի կոռուպցիոների՞ն էին ման գալիս, ի՞նչ էին անում: Հարց ունեիք, ինձ հետ պարզեիք: Փորձել են ճշտել, թե ինչ վճարում եմ արել, ինչ եմ արել, ով է վճարել, երբվանից է երեխան դպրոց գնում»,- մանրամասնեց Սանասարյանը՝ ԱԱԾ-ին կոչ անելով մնալ իրենց կոչումին համապատասխան։

Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանն էլ նշեց, որ բամբասանքները շատ են, պետք չէ դրանց հետեւից գնալ, իսկ ԱԱԾ-ն, պաշտպանի խոսքով, մեծ ռեսուրս է ծախսել բամբասանքները ստուգելու վրա, հետո հաստատվել է, որ բամբասանքը մնում է բամբասանք։

Պաշտպաններից Իննեսա Պետրոսյանն էլ հայտարարեց, որ այս սարքած գործն ուղարկվել է դատարան, քանի որ գլխավոր դատախազը դեռ Արթուր Դավթյանն է․

«Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը դեռ 1 ու կես տարի առաջ պետք է հեռանար, ոչ թե վարչապետի մոտ երդում ուտեր եւ ասեր, որ ինքը վերափոխվել է եւ պայքարելու է նախկին, իր շատ մոտ բաժակակից ընկերների դեմ։ Ցավում եմ, որ վարչապետը հավատացել է այդ անձնավորությանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել