ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
14:00 - 22 մայիսի, 2019

ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկացնում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ է ստացել՝ մի խումբ տնտեսվարողների կողմից, առանց համապատասխան հայտարարագրման, ապրանքների (հիմնականում՝ հագուստեղեն և տեքստիլ արտադրանք) ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմների վերաբերյալ:

Ըստ հաղորդագրության, մասնավորապես պարզվել է, որ Հայաստանի մի խումբ քաղաքացիներ առևտրային նպատակներով Թուրքիայից ձեռք բերված խոշոր խմբաքանակներով բեռների մի մասը «Բագրատաշեն» հսկիչ մաքսակետով ներկրել են Հայաստան՝ առանց հայտարարագրման կամ այլ՝ ավելի էժան ապրանքների հայտարարագրման անվան տակ՝ չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը:

ԱԱԾ-ն նշում է, որ մայիսի 19-ին կասեցվել է վերը նկարագրված եղանակով ապրանքների ներկրման հերթական դեպքը, հայտնաբերվել են մեկ ավտոբուսով և 5 «Ֆորդ տրանզիտ» ավտոմեքենաներով Հայաստան տեղափոխված շուրջ 14 տոննա տարբեր տեսակի ապրանքներ, որի միայն մի մասն է սահմանված կարգով հայտարարագրվել, իսկ մնացածը կամ առհասարակ չի հայտարարագրվել, կամ հայտարարագրվել է և մաքսազերծվել այլ՝ մաքսային ցածր արժեք ունեցող ապրանքների անվան տակ:

«Ստուգվում է վարկածն առ այն, որ բեռների ապօրինի տեղափոխումը նշված քաղաքացիներին, հնարավոր է, հաջողվել է իրականացնել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսակետ բաժնի պաշտոնատար անձանց թողտվության կամ պաշտոնական դիրքի չարաշահման հետևանքով: Ներկայումս, ՀՀ ԱԱԾ և ՊԵԿ աշխատակիցների կողմից «Բագրատաշեն» մաքսակետում իրականացվում են համատեղ միջոցառումներ՝ ներկրված ապրանքների գույքագրման և պետությանը պատճառված վնասի չափը հաշվարկելու նպատակով, սակայն առևտրային գործունեությամբ զբաղվող անձինք համառորեն խոչընդոտում են գործընթացին՝ վերոնշյալ մեխանիզմով ստվերային տնտեսական գործունեությունը շարունակելու ակնկալիքով», - ասված է հաղորդագրությունում:

ԱԱԾ-ն տեղեկացնում է՝ ապրանքները գույքագրելուց, պետությանը պատճառված հնարավոր վնասը հաշվարկելուց և դրա համար նախատեսված հարկերն ու տուրքերը ճշգրտված չափով վճարելուց հետո ապրանքները սահմանված կարգով կարող են վերադարձվել օրինական սեփականատերերին:

ԱԱԾ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ պաշտոնատար անձանց օրինական պահանջները դիտավորյալ չկատարելուց, հիշեցնում, որ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսված իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար և նախազգուշացնում է, որ այսուհետ ևս հետևողական պայքար է տարվելու նմանատիպ երևույթների դեմ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել