ԱԱՏՄ-ն բժշկական կազմակերպություններին հորդորում է զերծ մնալ աշխատողի հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու պրակտիկայից
16:53 - 18 հունիսի, 2019

ԱԱՏՄ-ն բժշկական կազմակերպություններին հորդորում է զերծ մնալ աշխատողի հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու պրակտիկայից

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը գրառմամբ դիմել է բժիշկներին և բուժքույրերին։ Գրառման մեջ ասված է․

«Հատկապես վերջին ժամանակներում, բազմաթիվ բժշկական կազմակերպությունների տնօրեններ Ձեզ հետ «աշխատանքային» հարաբերությունների հիմքում դնում են քաղաքացիա-իրավական պայմանագիր և Ձեզ առաջարկում կնքել ոչ թե աշխատանքային պայմանագիր այլ ծառայությունների մատուցման, և ցավոք ձեզանից շատերը դրան համաձայնվում են, լիովին չպատկերացնելով դրա ռիսկերն ու հնարավոր հետևանքները:
Իսկ հետևանքերը կերևան սկսած 2021 թվականի հունվարի մեկից, երբ պարտադիր կդառնա մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությունը:
Ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն, մասնագիտական գործունեության հավաստագիր ստանալու համար բուժաշխատողը յուրաքանչյուր հնգամյա շրջափուլի համար պետք է ապահովի նվազագույն անհրաժեշտ ՇՄԶ կրեդիտների քանակ և առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժի առկայություն:

Եվ ահա այստեղ , այն բուժաշխատողները, որոնք աշխատում են ծառայությունների մատուցման պայմանագրերով, կբախվեն անհրաժեշտ ստաժ չունենալու խնդրի հետ, որովհետև ծառայությունների մատուցման պայամանագրով սահմանված իրավահարաբերությունները աշխատանքային հարաբերություններ չեն համարվում և դրանց համար չի հաշվարկվում աշխատանքային ստաժ: Որպես հետևանք, դուք չեք կարողանա հավաստագրվել և կզրկվեք ինքնուրույն մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունքից:

Կոչ ենք անում և հորդորում ենք նաև պետական և մասնավոր բժշկական կազմակերպությունների տնօրեններին, զերծ մնալ բուժաշխատողների հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու արատավոր պրակտիկայից, իսկ Առողջապահության նախարարության ուշադրությունը կրկին անգամ հրավիրում ենք այս խնդրի վրա և կոչ անում օր առաջ , համապատասխան իրավական կարգավորումների ճանապարհով փակել նման պայմանագրեր կնքելու հնարավորությունը առողջապահության բնագավառում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել