ԱԱՏՄ-ն և Տեսչականի Արհեստակցական միությունը համաձայնագիր են կնքել
16:54 - 06 մարտի, 2020

ԱԱՏՄ-ն և Տեսչականի Արհեստակցական միությունը համաձայնագիր են կնքել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) և Տեսչականի Արհեստակցական միությունը (այսուհետ՝ Արհմիություն) համաձայնագիր են կնքել։

1. Համաձայնագիրը կարգավորում է կողմերի միջև կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունները։

2. Արհմիությունը հանդես է գալիս որպես աշխատողների ներկայացուցչական մարմնի՝ Գործատուի մոտ աշխատողների աշխատանքային, մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքները և շահերը պաշտպանող ու ներկայացնող կողմ։

3. Համաձայնագրի առարկան Գործատուի կողմից աշխատողների աշխատանքային պայմանների, աշխատանքի վարձատրության, երաշխիքների և արտոնությունների, սոցիալ-տնտեսական միջոցառումների ապահովումն է, իսկ օրենքով չսահմանված դեպքերում՝ նաև այլ երաշխիքների սահմանումը:

4. Կողմերը մասնակցում և վարում են կոլեկտիվ բանակցություններ, անցկացնում փոխադարձ խորհրդատվության և տեղեկատվության փոխանակում:

5. Աշխատողների իրավունքների պաշտպանության և ներկայացուցչության ապահովման նպատակով Արհմիության ներկայացուցիչները Գործատուի համաձայնությամբ կարող են մասնակցել Գործատուի կողմից նշանակված ծառայողական քննություններին:

6. Արհմիության ներկայացուցիչները կարող են մասնակցել Տեսչական մարմնի վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշելու հարցերի քննարկմանը:

7. Արհմիությունը, անհրաժեշտության դեպքում, առաջարկություն է ներկայացնում աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ ապահովելու և դրանք բարելավելու վերաբերյալ:

8. Գործատուն աշխատողների անվտանգության ու առողջության վիճակի գնահատման հիման վրա աշխատողին տրամադրում է հատուկ հագուստ, անհատական պաշտպանության այլ միջոցներ, ինչպես նաև անհատական հիգիենայի առարկաներ:

9. Կողմերը և նրանց ներկայացուցիչներն իրենց շահերը համաձայնեցնում և վեճերը լուծում են կոլեկտիվ բանակցությունների միջոցով:

10. Համաձայնագիրն ուժի մեջ է 2020 թվականի մարտի 04-ին։

11. Համաձայնագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ։

Գործատուի կողմից Համաձայնագիրը ստորագրել է ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը, Արհմիության կողմից՝ արհեստակցական կազմակերպության նախագահ Մարիետտա Հախվերդյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել