ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է միանվագ դրամական օգնություն տրամադրել թրաֆիքինգի ենթարկված 18 տարին չլրացած անձանց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը:

«Փոփոխությունները, մասնավորապես, կնպաստեն երեխայի իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավմանը և կբարձրացնեն գործող համակարգի արդյունավետությունը: Նախատեսված է կարգավորում, որը հիմք է ստեղծում թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների ուղղորդման ընթացակարգի մշակման համար և պետական, տարածքային կառավարման մարմինների միջև հստակ համագործակցության շրջանակների ձևավորմանը: Նախագիծը կնպաստի նույնացման հանձնաժողովի աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպմանը, երեխայի կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը: Նաև կձևակերպի հատուկ կատեգորիայի զոհ երեխաների միանվագ դրամական օգնության տրամադրման գործընթացը»,-ներկայացրեց Գասպարյանը:

Փոփոխության արդյունքում շահագործման ենթարկված երեխաները մինչև 18 տարին լրանալը կարող են ստանալ միանվագ աջակցություն` 250 հազար դրամի չափով: Փոխնախարարը վստահեցրեց, որ բյուջեում նախատեսված են այն ավելացումները, որոնք պլանավորված են փոփոխությամբ: