azatutyun.am: Միացյալ Նահանգները և Իրաքը վերսկսել են համատեղ գործողությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Վաշինգտոնը նաև ակնկալում է, որ մոտ ապագայում կվերականգնվեն իրաքյան զորքերը պատրաստելու ուսումնավարժական ծրագրերը: Այս մասին հայտնում են The New York Times- ը և Associated Press լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:

Համատեղ գործողությունները դադարեցվել էին հունվարի սկզբին, երբ Իրաքի խորհրդարանը բանաձև ընդունեց երկրից օտարերկրյա, այդ թվում՝ ամերիկյան զորքերը դուրս բերելու վերաբերյալ: Պատճառը Բաղդադում իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությունն էր՝ ԱՄՆ-ի օդային հարվածի հետևանքով: Իրաքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը իր գործողություններով խախտել է երկրի ինքնիշխանությունը:

Միացյալ Նահանգները հրաժարվեց դուրս բերել զորքերը՝ մտավախություն հայտնելով, որ «Իսլամական պետություն»-ը կարող է օգտվել Մերձավոր Արևելքում անկայուն իրավիճակից և ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում:

Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները կոչ են արել շարունակել Վաշինգտոնի և Բաղդադի միջև համագործակցությունը ահաբեկիչների դեմ պայքարում: