Ագարակի դպրոցում արևային ֆոտոէլեկտրական կայանի տեղադրմամաբ տարեկան կխնայվի 1,8 մլն դրամ
20:59 - 10 ապրիլի, 2020

Ագարակի դպրոցում արևային ֆոտոէլեկտրական կայանի տեղադրմամաբ տարեկան կխնայվի 1,8 մլն դրամ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ի շրջանակում համակարգվող փոքր դրամաշնորհի միջոցով «Նյու Պլանետ» բնապահպանական հասարակական կազմակերպությունն  իրականացրել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի վերազինման ծրագիրը՝ արևային ֆոտոէլեկտրական կայանի և նորագույն ջեռուցման համակարգերի ներդրմամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Թվով 672 աշակերտ ունեցող դպրոցի ջեռուցման համակարգը մինչև ծրագրի իրականացումը գործել է ոչ էներգախնայող էլեկտրական տաքացուցիչներով, որոնց քանակությունը նույնպես սահմանափակ է եղել: Ձմռան ընթացքում էլեկտրաէներգիայի հսկայական ծախսը հնարավոր է եղել կրճատել ջեռուցման նոր համակարգի ներդրմամբ, որի միջոցով խնայվել են զգալի միջոցներ։

Ամրացվել է դպրոցի տանիքը։ Անց է կացվել ամբողջությամբ նոր հողանցման կոնտուր։
Քաղաքի միակ դպրոցի տանիքին տեղադրվել են թվով 68 արևային ֆոտոէլեկտրական վահանակներ։ Բոլոր դասարանները համալրվել են տաքացուցիչներով (120 տաքացուցիչ և 40 կարգավորիչ)։ Այժմ դպրոցի ջեռուցումն իրականացվում է սմարթ համակարգով՝ բացառելով մարդկային գործոնը։ Ծրագրի ավարտից ի վեր դպրոցը սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար հոսանքի սպառման դիմաց գումար չի վճարել։ Տարեկան խնայողությունը կազմում է շուրջ 1,800,000 ՀՀ դրամ։ Նախկին 14° C-ի փոխարեն այժմ ձմռան ամիսներին բոլորդ դասարաններում ապահովվում է 21-22° C ջերմաստիճան։

Դպրոցը համալրվել է ֆիզիկայի լաբորատոր ստենդով, որը հնարավորություն է տալիս աշակերտներին տեսնել կանաչ էներգիայի արտադրման ողջ գործընթացը։
Արևային կայանը հնարավորություն ունի միանալու առցանց մշտադիտարկման համակարգին՝ դիտարկելու համար կայանի արտադրած էներգիայի չափն ու արդյունավետությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել