Ադրբեջանը խախտել է Մանվել Սարիբեկյանի կյանքի իրավունքը. ՄԻԵԴ |hetq.am|
12:54 - 30 հունվարի, 2020

Ադրբեջանը խախտել է Մանվել Սարիբեկյանի կյանքի իրավունքը. ՄԻԵԴ |hetq.am|

«Հետքը»  զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Սարիբեկյանի եւ նրա իրավահաջորդների ներկայացուցիչներ Արա Ղազարյանի եւ Արտակ Զեյնալյանի հետ (ՀՀ կառավարությունը երրորդ կողմ էր ներգրավվել այս գործով)։ Նրանք սա անգնահատելի որոշում են համարում Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի գործի քննության համար։ Թե ինչ ընթացակարգով է Ադրբեջանը վճարելու ՄԻԵԴ սահմանած գումարը, իրավաբանները դեռ չգիտեն, քանի որ սա առաջին նման վճիռն է։ Ադրբեջանը եռամսյա ժամկետ ունի բողոքարկման համար, եթե չբողոքարկի, այս որոշումն ուժի մեջ կմտնի։

2010 թ. սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 20-ամյա Մանվել Սարիբեկյանը անասուններին փնտրելիս մոլորվել էր Տավուշի մարզի սահմանամերձ գոտում ու հայտնվել հակառակորդի մոտ: Սարիբեկյանի ծնողները հավատացած էին, որ նա ոչ թե մոլորվել է, այլ հայկական հատվածում առեւանգվել է ադրբեջանցիների կողմից: Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե իբր Մանվելը հետախույզ է եւ գերեվարվել է ԼՂ հյուսիսարեւելյան հատվածից հայերի իրականացրած դիվերսիոն գործողության արդյունքում: Ադրբեջանցիները հարցազրույց էին կազմակերպել Սարիբեկյանի հետ, որտեղ երիտասարդը հայտարարել էր, թե իբր լրտես է: Նույն տարվա հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի ՊՆ-ն ու զինդատախազությունը հաղորդագրություն տարածեցին, թե իբր Սարիբեկյանը նախնական կալանքի վայրում ինքնասպանություն է գործել կախվելով:

Նոյեմբերի 4-ին Իջեւան-Ղազախ հատվածում՝ Կայան գյուղի մոտ, նրա դիակը հանձնվեց Հայաստանին։ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Սարիբեկյանի դին լավ պահպանված չի եղել, դատաբժշկական փորձաքննության արդյունքում էլ պարզ է դարձել, որ երիտասարդը ենթարկվել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի: Այս առթիվ ՀՀ ոստիկանությունում քրգործ էր հարուցվել, որը հետո փոխանցվել էր ԱԱԾ-ին: Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դիմել էր նաեւ Ադրբեջանին՝ խնդրելով հայտնել, թե արդյոք կան նյութեր Սարիբեկյանի մահվան վերաբերյալ, եթե այո, ապա ուղարկել դրանք ՀՀ՝ քննության համար: Ադրբեջանի դատախազը չէր արձագանքել այս նամակին: Հայաստանն աջակցության խնդրանքով դիմել էր ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ գլխավոր դատախազ Չայկային, որն առաջարկել էր ադրբեջանցի գործընկերոջը քննարկել նամակը եւ տեղեկացնել արդյունքների մասին: Սակայն, դարձյալ ապարդյուն։

Սարիբեկյանի ներկայացուցիչները դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի:

Արա Ղազարյան

2011-ի մայիսին ես գործն ուղարկել եմ Եվրադատարան, ընդ որում այն վեց ամիս դատարանում կորած էր։ Փաթեթը, որն ինձ ուղարկել էր Եվրադատարանը, վեց ամիս հետո եմ ստացել անհայտ հասցեից, նշված էր, որ Ֆրանսիայից է եկել, բայց Եվրադատարանում ինձ ասում էին, որ դեռ հուլիսին ինձ ուղարկել են ապացույց, որ գանգատը գրանցվել է։ Ես նույնիսկ դիմել էի ԵԴ նախագահին, որ պարզեմ, թե ինչ է տեղի ունեցել, որովհետեւ դատարանի փաթեթը չեմ ստացել, եւ հանկարծ դեկտեմբերին փաթեթ ստացա Ստրասբուրգից՝ առանց որեւէ բացատրության, թե հուլիսից դեկտեմբեր այդ փաթեթն ուր էր։ Իմ կարծիքով՝ արտաքին միջամտություն է եղել, որովհետեւ այստեղ ժամկետային վիճելի հարց կար։ Ըստ երեւույթին, փորձ էր արվել անել այնպես, որ ինձ մեղադրեին, թե ուշ եմ ուղարկել գանգատը։ Աղմուկ բարձրացրի, ՄԻԵԴ նախագահին գրեցի, խնդրեցի կարգապահական վարույթ հարուցել, եւ ամենայն հավանականությամբ ԵԴ շենքի ներսում ինչ-որ բան էր տեղի ունեցել։ Ինչեւէ, ես հաղթահարեցի դա, այնուհետեւ դա խնդիր չառաջացրեց։

Գանգատի ընդունման մասով պիտի նշեմ, որ ամենառաջին չափանիշը՝ պաշտպանության ներպետական միջոցները սպառելը չէր արվել, որովհետեւ մենք նշել էինք, որ հնարավոր չի դա անել։ Այն ժամանակ մենք չունեինք փախստական Սարգսյանների գործով վճիռը, որով սահմանվել էր, որ հայերը չեն կարող Ադրբեջանի տարածքում հայցել իրավական պաշտպանություն։ Ես նշել էի, որ միամիտ է կարծել, որ Սարիբեկյանները կարող են գնալ եւ ադրբեջանում հայցել քրեական պաշտպանություն իրենց որդու սպանության հանգամանքների առումով։ Ուստի հնարավոր չի սպառել ներպետական իրավական պաշտպանության միջոցները։

Այս փաստարկն ընդունել է ՄԻԵԴ-ը եւ ասել, որ Ադրբեջանի կառավարությունը չի ներկայացրել որեւէ իրավական ակտ կամ ներպետական պաշտպանության միջոց, որ նման իրավիճակում հայտնված անձինք, այսինքն ՀՀ քաղաքացիներ կարող են իրավական պաշտպանություն հայցել ադրբեջանի իշխանություններից։ Ընդհակառակը, այդ իշխանությունները հրաժարվել են նույնիսկ որեւէ կերպ պատասխանել ՀՀ իշխանությունների դիմումներին։ Եվ այս պրակտիկան շարունակվում է մինչեւ հիմա Կարեն Ղազարյանի գործով։ Եթե ԵԴ-ն չընդուներ այս հանգամանքը, մեր գանգատը պիտի մերժեր։

Եվրոպական դատարանը հաստատված է համարել Սարիբեկյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածի՝ կյանքի իրավունքի խախտումը։ Որոշման մեջ նշված է, որ Ադրբեջանի կառավարությունը չի կարողացել մահվան հանգամանքների վերաբերյալ համոզիչ հիմնավորումներ չի տրամադրել, հետեւաբար, նյութաիրավական հիմքով ստացվում է, որ մահը վերագրվում է Ադրբեջանին եւ նա պատասխանատվություն է կրում մահվան համար։ Շատ հաճախ ԵԴ-ն պատասխանատվություն է ճանաչում ընթացակարգային հիմքով, այսինքն՝ մենք չգիտենք, թե ձեր պաշտոնատար անձինք մեղավոր են մահվնա մեջ, բայց քանի որ հետաքննություն չեք արել, ինքնին պատասխանատվություն եք կրում։ Իսկ այս դեպքում ասվում է, որ ամենայն հավանականությամբ մահը տեղի է ունեցել ձեր պաշտոնատար անձանց մեղքով։ Այստեղ գործում է փաստի կանխավարկածը։

Հաջորդում է քննության համարժեքության մասին բացատրությունը։ Դատարանը կարծում է, որ Ադրբեջանում քննությունն իրականացվել է այն կանխավարկածով, որ Սարիբեկյանը կատարել է ինքնասպանություն կախվելու միջոցով։ Հենց սկզբից ռազմական ոստիկանության բաժանմունքը, որի վերահսկողության ներքո գտնվել է Սարիբեկյանը, տեղեկացրել է քննիչներին, որ նա կատարել է ինքնասպանություն։ Հարց է ծագում՝ ինչպես իմացան, որ ինքնասպանություն է։

Այս կանխավարկածը հետագայում տեղ է գտնում զինվորական ոստիկանության որոշումներում, որով ինքը հրահանգել է դատաբժշկական փորձաքննություն կատարել։ Ի հավելումն քննությունը, որ հարուցվել է իշխանությունների կողմից երեք օր անց՝ ինքնասպանության հիմքով։ Հետեւաբար, հենց սկզբից բացառվել է հնարավորությունը, որ Սարիբեկյանը կարող է այլոց կողմից իր նկատմամբ բռնության արդյունքում մահացած լինել։ ԵԴ-ն նշել է, որ քննության մեջ ներգրավված պաշտոնատար անձինք այլընտրանքային որեւէ գիծ չեն տարել։

Սա շատ հետաքրքիր մոտեցում է։ Պետք է հաշվի առնել, որ Սարիբեկյանը ՀՀ քաղաքացի էր եւ ձերբակալվել ու մեղադրվում էր որպես հայ լրտես, որը մտել էր Ադրբեջան ահաբեկչական ակտ կատարելու, հետեւաբար կարելի է ենթադրել, որ ադրբեջանական իշխանությունների այս փաստերին ու պնդումներին տեղյակ էին նաեւ կալանավայրի աշխատակիցները, որտեղ Սարիբեկյանը պահվում էր։ Հենց այդպես էր ձերբակալման առաջին իսկ պահից, քանի որ այդպես էր ներկայացնում նաեւ ադրբեջանական մեդիան։ Ավելին, ըստ դատարանի՝ չի կարելի անտեսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ատելության եւ լարվածության ընդհանուր կոնտեքստը։ Սա իմ փաստարկն էր։ Դատարանի կարծիքով՝ այս հանգամանքները հիմք էին, որպեսզի էլ ավելի մանրամասն առաջ տարվեր քննությունը՝ արդյոք սա էթնիկ ատելության գործոն է պարունակում։

Ցավում եմ, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում չի արձանագրվել, այն է՝ խտրականության արգելում։

Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից:

Դատարանը հաշվի է առնում նաեւ այն փաստը, որ քննության ընթացքում Ադրբեջանի իշխանությունները երբեւիցե փորձ չեն արել կապվել Սարիբեկյանի ընտանիքի եւ ՀՀ իշխանությունների հետ՝ նրա ձերբակալման, կալանքի, մահվան եւ քննության հանգամանքների համար։ Ընդհակառակը, նրա ձերբակալումը եւ մահը ՀՀ իշխանություններին հայտնի է դարձել մեդիայի միջոցով։ Միակ կոմունիկացիան եղել է նրա մահվան վկայականի ուղարկումը դիակը հանձնելիս։

Թեեւ 14-րդ հոդվածի խախտում չի արձանագրվել, բայց դատարանը նշել է, որ քննությունը պետք է տարվեր էթնիկ հիմքով ատելության շարժառիթով հանցագործության ուղղությամբ։

Արտակ Զեյնալյան

Մենք դատարանին ապացուցել ենք, որ Մանվել Սարիբեկայնը կախված է եղել ոչ թե փափուկ բանով, այլ կոշտով։ Սարիբեկյանն ուրիշ տեղ կախված է եղել, բերել են իր խցում իմիտացիա են արել։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել