Ադրբեջանի դիրքորոշումները մերժում են Արցախի ժողովրդի իրավունքները. Մնացականյանը՝  Տոյվո Կլաարին
20:09 - 18 փետրվարի, 2020

Ադրբեջանի դիրքորոշումները մերժում են Արցախի ժողովրդի իրավունքները. Մնացականյանը՝ Տոյվո Կլաարին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 18-ին հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Զրուցակիցներն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին և այս շրջանակում տեղի ունեցած վերջին հանդիպումներին։ Երկուստեք կարոևորվեց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին իրական բովանդակություն հաղորդելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորեց ղեկավարների մակարդակով իրենց հասարակություններին խաղաղության հրապարակային ազդակների և ուղերձների հղումը և նշեց, որ ադրբեջանական կողմը հրապարակային դաշտում շարունակում է հանդես գալ Արցախի ժողովրդի իրավունքները մերժող առավելապաշտական դիրքորոշումներով, որոնք հնարավորություն չեն տալիս առաջընթաց արձանագրելու խաղաղ գործընթացում:

Կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ գործընկերության բազմաշերտ օրակարգի շուրջ, անդրադարձան միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների»,- ասվում է հաղորդագրության մեջ ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել