Ադրբեջանն ընդունում է, որ իրենք չեն այլեւս իրադրության տերը. Պաշտպանության փոխնախարար
05:30 - 21 հունիսի, 2019

Ադրբեջանն ընդունում է, որ իրենք չեն այլեւս իրադրության տերը. Պաշտպանության փոխնախարար

armtimes.com:  Վերջին շրջանում Ադրբեջանը մի քանի զորավարժություններ է անցկացրել: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ աչքի է ընկել հերթական ռազմատենչ հայտարարությամբ: Այդ զորավարժությունների ժամանակ Գյանջա քաղաքի տներից մեկի վրա հրթիռ էր ընկել: Դա հաստատել էր նաեւ Հասանովը: Իսկ ադրբեջանցի լրագրողներից մեկն այն անվանել էր՝ «լուրջ հաջողություն»:

«Մեր հսկողության տակ է անցկացվում այդ ամեն ինչը»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:


- Պարոն Բալայան, երեկ հրապարակումներ եղան այն մասին, որ Ադրբեջանը դարձյալ զորավարժություններ է սկսել: Այս զորավարժությունների մասին նախապես տեղեկացված եղե՞լ են համապատասխան կառույցները, սահմանափակումներ կա՞ն այս առումով:

- Ճիշտն ասած, հիմա կդժվարանամ պատասխանել այդ հարցին, որովհետեւ նախորդ դեպքերում սահմանված կարգով չէին տեղեկացրել: Նոր զորավարժության վերաբերյալ տեղեկություն չունեմ, պետք է ճշտեմ:

- Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից այսքան հաճախ զորավարժություններ անցկացնելը, ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված:

- Փորձում են որոշակի առումով իրենց հմտությունները զարգացնել, մենք էլ այդ առիթից օգտվում ենք, ու տեսնում ենք, թե ինչ զինատեսակներ են կիրառում, ինչպիսի նոր մարտավարություն են որդեգրել եւ այդ ամեն ինչից հետեւություններ ենք անում: Տարբեր միջոցներով մեր հսկողության տակ է անցկացվում այդ ամեն ինչը:

- Վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, թե միջազգային իրադրությունը իրենց թույլ չի տալիս Ղարաբաղում պատերազմ սկսել: Սա ի՞նչ է իրենից ենթադրում:

- Նրանք ընդունում են, որ իրենք չեն այլեւս իրավիճակի տերը: Շատ ուրախալի է, որ հրապարակայնացնում են այդ փաստը, որ այլեւս իրենցից չէ կախված, թելադրողն իրենք չեն:

- Հայաստանը միջազգային կառույցներին դիմե՞լ է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների եւ քայլերի հարցով:

- Պաշտպանության նախարարությունը որոշակի գործառույթ իրականացնում է այդ առումով: Եթե տեսնում ենք, որ որեւիցե խնդիր որեւէ միջազգային պարտավորությունների կամ պայմանավորվածությունների շրջանակից դուրս է, մենք մեր միջազգային գործընկերների հետ շփումներում բարձրաձայնում ենք: Բայց պաշտոնապես դիմելը, կարծում եմ, արտաքին գործերի նախարարության գործառույթն է:

- Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանն աչքի չի ընկնում նմանատիպ հայտարարություններով եւ վարքագծով:

- Մենք ռազմատենչ հայտարարություններ չենք անում ընդհանրապես: Մենք պարզապես փաստերն ենք արձանագրում եւ հայտարարում ենք, որ ցանկացած իրավիճակի զարգացման պատրաստ ենք, որպես այդպիսին:

- Այսինքն, մեր ունեցած ռեսուրսներով մենք վստահություն ունենք, որ որեւէ խնդիր չի՞ կարող լինել Հայաստանի համար:

- Միանշանակ, առանց որեւիցե երկրորդ կարծիքի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել