Ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Լազարյանին ՌԴ հանձնելու միջնորդության քննարկումը հետաձգվել է |armenpress.am|
13:39 - 17 ապրիլի, 2020

Ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Լազարյանին ՌԴ հանձնելու միջնորդության քննարկումը հետաձգվել է |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Ռայչիխինսկում 2011 թվականին ադրբեջանցու սպանության համար մեղադրվող Միսաք Լազարյանին ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՌԴ գլխավոր դատախազության միջնորդության քննարկումը հետաձգվել է մինչև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող այլ քրեական գործով վերջնական որոշում կայացվելը։ Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականն ասաց, որ Միսաք Լազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց էքստրադիցիոն կալանքը փոխվել է ստորագրություն չհեռանալու մասին՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի որոշմամբ:

«Նախ՝ նշեմ, որ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել էր ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված՝ Լազարյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդությամբ պայմանավորված, իսկ նման դեպքում քրեական դատավարության օրենքը այդ փուլի համար այլընտրանք չի թողնում:

Իսկ դատախազի կողմից խափանման միջոցի փոփոխման որոշման կայացումը պայմանավորված էր նրանով, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով Լազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագով) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասաց Աբրահամյանը։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը նշեց, որ այս կապակցությամբ Լազարյանին ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՌԴ գլխավոր դատախազության միջնորդության քննարկումը հետաձգվել է՝ մինչև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող վերոնշյալ քրեական գործով վերջնական որոշում կայացվելը։

«Միաժամանակ, ստացվել է ՀՀ միգրացիոն ծառայության պետի գրությունն այն մասին, որ որոշում է կայացվել Հայաստանում ապաստան ստանալու մասին Լազարյանի դիմումի վերաբերյալ հարուցված վարչական վարույթը կասեցնելու մասին:

Այսինքն՝ այն հանգամանքը, որ նշված քրեական գործով Միսակ Լազարյանի նկատմամբ արդեն ընտրված է ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց, իսկ նա անազատության մեջ է պահվում հանձնելու նպատակով կալանավորման որոշման հիման վրա, մինչդեռ հանձնման միջնորդության քննարկման հետաձգման պայմաններում անձին անազատության մեջ պահելը դառնում է առարկայազուրկ»,- եզրափակեց Աբրահամյանը։

Վերոնշյալ հոդվածը վերաբերվում է փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելուն, իրացնելուն կամ օգտագործելուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել