Աժ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը
13:45 - 05 մայիսի, 2020

Աժ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը

Ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունելու մասին հարցը։ 

Նախագծի հիմնական զեկուցողը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է։

Նախարարը նշեց, որ ԱԺ ԿԳՄՍԵ մշտական հարցերի հանձնաժողովի հետ արդյունավետ աշխատանք է իրականացվել  և տեղի են ունեցել խմբագրումներ։ Նախարարի խոսքով արված փոփոխությունները հեղափոխական են ոլորտի համար։ Այս օրենքը բավականին  լուրջ փոփոխություններ է նախատեսում նախադպրոցական կրթության ոլորտում։ 

« Սահմանվել են նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականությունը և պետական քաղաքականության սկզբունքները։ Տարանջատվել են նախադպրոցական կրթության խնդիրները, նպատակները։ Մասնավորապես, որպես խնդիր ավելացվել են նախադպրոցական կրթության հանրային նշանակության բարձրացումն ու որակի  բարելավումը։ Որակյալ նախադպրոցական կրթություն տրամադրելու հավասար հնարավորությունների՝ ներառականության և մատչելիության ապահովումը խելամիտ հարմարությունների միջոցով»,- առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում արված փոփխությունների մասին նշեց նախարարը։

Հարությունյանի խոսքով ամրագրվել են նախադպրոցական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվող խմբերը՝ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք և ավելի երեխա ունեցող, զինծառայող ծնողի կամ ծնողների երեխաները  և այլն ։ Նկարագրվել է նախադպրոցական կրթական ծրագրերի բաղադրիչները։ 

«Նախադպրոցական երեխաների բժշկական սպասարկման մասով ավելացվել է դրույթ, համաձայն որի նախադպրոցական ուսումնական հաստատությունը ապահովում է սաների առաջնային բուժսպասարկումը և հսկողությունը։ Վերանայվել է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպման վերաբերյալ հոդվածը, ավելացվել են երեխաների իրավունքների դրույթներ։ Սահմանվել են ուսումնական հաստատության մանկավարժական բուժզննությունը, տարեկան առնվազն մեկ անգամ, պարտադիր վերապատրաստումը տարեկան մանկավարժական աշխատատեղերի մեկ- հինգերորդը»,- տեղեկացրեց նախարարը։ 

Վերջինս  նշեց, որ ամրագրվել է նաև նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի  հավաստագրման դրույթը, որով ուսումնական հաստատության տնօրենի  թափուր տեղի համար  կարող է դիմել, իսկ ընտրվելու դեպքում մասնակցել հայտարարված մրցույթին կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանված կարգով վերապատրաստված և ղեկավարման իրավունք, հավաստագիր ստացած անձը։

«Նախագծում նկարագրվել են նաև տնօրենի գործառույթները,  հաստատության  զարգացման ծրագիր ունենալու պահանջը, նկարագրվել են նախադպրոցական ուսունական հաստատության տեսակները, լրամշկվել են նախադպրոցական կրթության բնագավառի մարմինների և նրանց իրավասությունների դրույթները։Ավելացվել են նախադպրոցական ուսումանկան հաստատության գործունեության գնահատման դրույթները, մասնավորապես կիրականացվի ներքին և արտաքին գնահատում»,- եզրափակեց Արայիկ Հարությունյանը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել