Ալավերդիում սուբվենցիոն ծրագրով համայնքային ճանապարհների փոսանորոգումները անորակ են կատարվել |hetq.am|
11:42 - 27 նոյեմբերի, 2019

Ալավերդիում սուբվենցիոն ծրագրով համայնքային ճանապարհների փոսանորոգումները անորակ են կատարվել |hetq.am|

hetq.am: Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը հայտնեց, որ մարզպետարանում նույնպես շատ դժգոհ են Ալավերդու համայնքային ճանապարհների փոսանորոգումների որակից: Արմեն Ջանազյանի ասելով՝ 3-4 օր առաջ մարզպետարանից գրություն են ուղարկել համայնքապետ Սասուն Խեչումյանին:

«Անորակ ասֆալտ կա համայնքային ճանապարհներին, պետք է այն քանդվի և նոր փոսանորոգում կատարվի: Այդ մասին մենք հայտնել ենք նաև շինարարին: Վճարվող գումարի մեծ մասը պետական բյուջեի գումար է: Հաստատ մենք չենք վճարելու նման անորակ փոսանորոգումների համար»,-ասաց Ջանազյանը: Նրա խոսքով՝ համայնքապետ Սասուն Խեչումյանը պետք է վերահսկի աշխատանքները:

Համայնքապետարանի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Վալերիկ Մինասյանի խոսքով՝ «ՍՏԱԳ»ՍՊԸ-ն արդեն կատարել է 3 000քմ փոսանորոգում, այդ թվում նորոգվել են Հաղպատ և Աքորի բնակավայրերի ճանապարհները: Գլխավոր մասնագետը պարզաբանեց, որ Սասուն Խեչումյանը համայնքային ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու համար 55,4 մլն դրամ արժեքով 4 ծրագրերի հայտ է ներկայացրել ավագանու հաստատմանը. ծրագրերի 25 մլն դրամը ներդնելու է համայնքը, 30 մլն դրամ ներդրումը կատարվելու է պետբյուջեից:

Մայիսի 30-ի որոշմամբ՝ ավագանին համաձայնություն է տվել համայնքապետի առաջարկությանը և նպատակահարմար է համարել սուբվենցիոն ծրագրով իրականացնել Ալավերդի համայնքի ճանապարհների, Թումանյան փողոցի մայթերի, քաղաքի կանգառների վերանորոգման և համայնքի 4 բնակավայրերում 10 նոր կանգառներ կառուցելու ծրագրերին : Ներդրումային գումարը բյուջեում դժվարությամբ հավաքելուց հետո համայնքապետարանը երեք անգամ էլեկտրոնային մրցույթ է անցկացրել համայնքի ճանապարհների փոսանորոգումների ծրագրի իրականացման համար:

Վալերիկ Մինասյանի ասելով՝ երեք անգամն էլ մրցույթին շինարարական որևէ կազմակերպություն չի մասնակցել: Չորրորդ անգամ հայտարարված մրցույթին մասնակցել է Վանաձորում գրանցված «ՍՏԱԳ» ՍՊԸ-ն : Կառավարությունում ծրագրերը հաստատվելուց հետո ճանապարհների փոսանորոգման աշխատանքերը Ալավերդիում սկսվել են խոր աշնանը, եղանակային վատ պայմաններում: Մի քանի օր առաջ մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից մասնագետ է եկել Ալավերդի փոսանորոգումների որակը ուսումնասիրելու: Նա համայնքապետ Խեչումյանի և գլխավոր մասնագետ Վալերի Մինասյանի հետ տեղում ծանոթացել են Հայպետշին թաղամասի փոսանորոգման աշխատանքներին:

Կառավարության սուբվենցիոն մյուս ծրագրով Ալավերդիում սալիկապատվում են Թումանյան փողոցի մայթերը: Սալիկապատման նախահաշվային գումարը կազմում է 20 մլն 374 հազար դրամ: Աշխատանքներն իրականացնում է Երևանում գրանցված «Յանգ Ինվեստ» ՍՊԸ-ն:

Շարունակությունը՝ hetq.am:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել