Ակնարկել են, թե՝ «երեխա ունես, քեզ ի՞նչ պետք է. Նազելի Բաղդասարյանը հաստատում է սպառնալիքների մասին տեղեկությունը |armtimes.com|
10:29 - 14 նոյեմբերի, 2019

Ակնարկել են, թե՝ «երեխա ունես, քեզ ի՞նչ պետք է. Նազելի Բաղդասարյանը հաստատում է սպառնալիքների մասին տեղեկությունը |armtimes.com|

armtimes.com:  ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանին մոտ կանգնած մարդիկ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին հորդորել են հետ կանգնել քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնող նախագծից։

Ինքը՝ Բաղդասարյանը, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ ինչ-որ մարդիկ, այդ թվում՝ պատգամավորներ, միջնորդավորված ձեւով սպառնացել են հարցի հարակից զեկուցող պատգամավորին։

 

Երեկ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ այդ անձը Վարդան Ղուկասյանն է, որը սպառնալիքներ է հնչեցրել Նազելի Բաղդասարյանի հասցեին:

Ազգային ժողովի գլխադասային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն արդեն քննարկել է քրեական ենթամշակույթին հարելու համար քրեական պատիժ սահմանող օրենքը։ «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծերի այս փաթեթը հանձնաժողովին էր ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հարակից զեկուցողը Նազելի Բաղդասարյանն էր։

 

Վերջինս մեր զրույցում ասաց, որ վերոնշյալ հորդորները դեռ նախագծի քննարկման ժամանակ էլ են հնչել։ Եղել են միջնորդավորված ձեւով, բայց այն մարդիկ, որոնք հորդորներ են հնչեցրել, տվել են Վարդան Ղուկասյանի անունը։ Ընդհուպ ակնարկել են, թե՝ «երեխա ունես, քեզ ի՞նչ պետք է»։

 

Բաղդասարյանը անուններ չհնչեցրեց, սակայն հայտնեց, որ իրավապահներն ուսումնասիրում են առկա տեղեկությունները։ Պատգամավորն այս մասին առավել մանրամասն պատրաստվում է խոսել ԱԺ ամբիոնից, սակայն նշում է, որ իրենց խմբակցության դիրքորոշումը հստակ է. զրո հանդուրժողականություն քրեական ենթամշակույթի եւ այդ մշակույթը կրող անձանց նկատմամբ։

 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ՝ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, խոսելով նշյալ նախագծի անհրաժեշտության մասին, ԱԺ բարձր ամբիոնից հայտարարեց, որ քրեական ենթամշակույթը Հայաստանից պետք է արմատախիլ արվի, եւ եթե կան մարդիկ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու եւ որոնք մտածում են՝ այս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձեւով հարցի հարակից զեկուցող պատգամավորի սպառնալ, ուղիղ ասում է՝ «կպառկեցնենք ասֆալտին եւ կտանք պատերով՝ բառի բուն իմաստով»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել