Աղվան Հովսեփյանը նույնպես պետք է բացատրություններ տա. Անդրանիկ Քոչարյան |news.am|
00:00 - 01 հունվարի, 0001

Աղվան Հովսեփյանը նույնպես պետք է բացատրություններ տա. Անդրանիկ Քոչարյան |news.am|

 

Նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նույնպես պետք է բացատրություններ տա, թե ինչպես է նրա՝ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ հնարավոր եղել այդպիսի լայնածավալ գործի կոծկումները: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով 2008-ին ոստիկանության շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանի ձերբակալմանը։ Նշենք, որ հունիսի 4–ին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել 2008 թվականի «Մարտի 1-ի» դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի ձերբակալության մասին, որը կասկածվում է 10 զոհերից մեկի՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության համար:

Քոչարյանը պատմեց, որ Գեղամ Պետրոսյանին իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խումբը հանդիպել է 2 անգամ. առաջին բացատրությունը չի բավարարել իրենց, եւ կանչել են երկրորդ անգամ։

«Մեզ մոտ կասկածներ եղել են, թե՛ զինված ապօրինի խմբավորումների, թե՛ ապօրինի եւ անհամաչափ ուժերի կիրառման, թե՛ այն կադրերի առնչությամբ, որոնք այսօր գտնվում են նախաքննական մարմնի տրամադրության տակ: Նախաքննական մարմինը Գեղամ Պետրոսյանին ոչ միայն կանչել է բացատրություններ տալու, այլ նաև կարծեմ միջնորդել է կալանավորման, դա կապում է կոնկրետ սպանության հետ»,- ասաց նա եւ նշեց, որ գործը նախկինում չէր բացահայտվում, քանի որ իշխանությունները կոծկում էին գործը, իսկ այժմ այդ կոծկողներից մեկը փախուստի մեջ է։

«Սպանությունների մասով նոր բացահայտումների պետք է սպասել: Ես ենթադրում եմ, այո, որովհետեւ նախաքննական մարմինը ցույց տվեց, որ ինքը հետեւողական մեծ ծավալի աշխատանք է կատարում: Եվ այդ աշխատանքի արդյունքում կունենանք ոչ միայն քաղաքական պատվերների մեկուսացում, այլ կունենանք նաեւ պրոֆեսիոնալ քննիչների այն խումբը, որն ի վիճակի կլինի բացահայտել այն մնացած հանցագործությունները, որոնք սպասում են իրենց բացահայտմանը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել