Ամենադժվարը նրանց դեպքում է, ովքեր երբեք գույքահարկ չեն վճարել, բայց մենք պոպուլիզմին տուրք չենք տալու.Սարհատ Պետրոսյան
09:26 - 20 սեպտեմբերի, 2019

Ամենադժվարը նրանց դեպքում է, ովքեր երբեք գույքահարկ չեն վճարել, բայց մենք պոպուլիզմին տուրք չենք տալու.Սարհատ Պետրոսյան

Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությունը Կադաստրի կոմիտեում հանդիպում է խնդրել՝ տեղեկանալու սեպտեմբերի 11-ին Հայաստանի ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված եւ անշարժ գույքի կադաստրային արժեքի գնահատմանը վերաբերող օրինագծի նրբություններին։

Կադաստրի կոմիտեից հայտնում են, որ ԱՄՀ-ի պատվիրակների հետաքրքրում էին այս օրենքի նախագծի, դրա ընդունմանը հաջորդելիք հատկապես հարկային իրավական ակտերի մանրամասները, թե ինչ հետեւանք դրանք կարող են ունենալ անշարժ գույքի շուկայի, համայնքների բյուջեների վրա ընդհանրապես, ուր նրանք ուղղվելու են, եւ մարդկանց ընտանեկան բյուջեների վրա մասնավորապես։

Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ներկայացրեց այս պահին արված մոտավոր հաշվարկները, նկարագրեց գույքահարկի գործող համակարգը եւ սպասվող փոփոխությունները՝ ակնկալվող արդյունքներով, բացատրեց, թե Կոմիտեում միջազգային փորձագետների՝ վերջին ամիսներին գործած աշխատանքային խումբն ինչպես է դուրս բերել անշարժ գույքի գնահատման ընդհանրական բանաձեւը, ծանոթացրեց տարածական գոտիավորման՝ նրանց պատրաստած քարտեզին (ներկայիս 16 գոտիների փոխարեն՝ 20-ը)։ Նշեց, որ հարկային դրույքաչափերի նախագիծը մշակելու է ֆինանսների նախարարությունը։

ԱՄՀ-ի պատվիրակները հարցրին, թե արդյո՞ք կլինի մի «ցուցատախտակ», որում անշարժ գույքի սեփականատերը կարող է տեսնել, թե որքան է իր գույքահարկը, ինչ պարտք ունի վճարելու եւ այլն, Սարհատ Պետրոսյանն ասաց, որ դա էլ կլինի առաջիկայում, իսկ տվյալների մատակարարը կլինի Կադաստրը։ Ավելին, դա հնարավորություն կստեղծի, որպեսզի սեփականատերը գույքահարկը վճարի առցանց եւ դրա համար լրացուցիչ չգնա, հասնի համայնքային իշխանության շենք։

Սարհատ Պետրոսյանը նշեց նաեւ, որ բարձրարժեք գույք ունեցողների գույքահարկն առաջիկայում ընդունվելիք ակտերով մի քանի անգամ կբարձրանա, «Երեւանի կենտրոնում բնակարան ունեցող թոշակառու տատիկը» ոչ մի կերպ դա չի զգա, միջին խավը շատ թեթեւակի կզգա. «Ամենադժվարը նրանց դեպքում է, ովքեր երբեք գույքահարկ չեն վճարել, բայց հիմա ստիպված են գոնե մի քիչ վճարել։ Բայց մենք պոպուլիզմին տուրք չենք տալու այս հարցում, կառավարության դիրքորոշումը շատ հստակ է:

Գիտակցում ենք, եւ մեր ամենամեծ մարտահրավերն է՝ մարդկանց բացատրել, որ այս օրինագիծը դեռեւս հարկերի բարձրացման մասին չէ, այլ անշարժ գույքի շուկայականին մոտարկված գնահատման, եւ որ մյուս կողմից, այո', հետագայում կառավարությունը հարկային նոր դրույքաչափեր կսահմանի ըստ այդմ, քանի որ գույքահարկի չափման համակարգն արդար չէ այս պահին»,- ավելացրեց Կոմիտեի ղեկավարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել