Ամուլսարի հարցում ես որևէ շահագրգռություն չունեմ․ Նիկոլ Փաշինյան
12:54 - 12 մարտի, 2020

Ամուլսարի հարցում ես որևէ շահագրգռություն չունեմ․ Նիկոլ Փաշինյան

Ամուլսարի խնդրի խորքային պատճառն այն է, որ մենք չունենք և չենք ունեցել վստահելի ինստիտուտներ, Ջերմուկում հանրաքվեի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ մի ընդգծում անել այն հայրենակիցների համար, ովքեր մտածում են, որ հեղափոխությունից հետո կառավարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկում Ամուլսարի հարցը մեկընդմիշտ լուծելու համար։ Եթե հեղափոխություն չլիներ, Ամուլսարի հանքը վաղուց, շատ վաղուց շահագործվելիս կլիներ», - հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետը հորդորեց  չկորցնել հարգալից վերաբերմունքը հեղափոխության և կառավարության նկատմամբ։

«Այն մարդիկ, ովքեր կկորցնեն հարգալից վերաբերմունքը, թող հիշեն իրենց հեղափոխությունից առաջ և իրավիճակը հեղափոխությունից առաջ։ Ամուլսարի հարցում ես ունեմ մի մեծ անհամաձայնություն շատ-շատերի հետ։ Այդ անհամաձայնությունը հետևյալն է, որ մեր շատ հայրենակիցներ ասում են, որ հանքը պետք է չաշխատի, մեր ուրիշ հայրենակիցներ ասում են, որ հանքը պետք է աշխատի։ Ես երկուսի հետ էլ անհամաձայնություն ունեմ։ Ես ասում եմ, որ մենք մինչև վերջ պետք է գնանք ճշմարտության հետևից։ Դա հեշտ ճանապարհ չի։ Մեր մարտավարությունը դա է՝ մինչև վերջ գալ ճշմարտության հետևից։ Ես այս հարցում որևէ շահագրգռություն չունեմ», - հայտարարեց վարչապետը։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել