Ամուլսարի շուրջ ծավալված մարտահրավեր` 2019 դեկտեմբերի 20-ը կարող է շրջադարձային կետ դառնալ |hetq.am|
06:55 - 13 դեկտեմբերի, 2019

Ամուլսարի շուրջ ծավալված մարտահրավեր` 2019 դեկտեմբերի 20-ը կարող է շրջադարձային կետ դառնալ |hetq.am|

hetq.am։ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունը հայտարարություն տարածեց, որ իր գլխավոր պարտատերերի հետ ստորագրել է հերթական չորրորդ վերախմբագրված Հետաձգման համաձայնագիրը (անգլերեն` Forbearance agreement):

Ի թիվս այլ հարցերի այս համաձայնագրով պարտատերերը համաձայնվել են հետաձգել «Լիդիանի» ֆինանսական պարտավորությունների գծով վճարումներ անելու իրենց պահանջը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը: Սա ենթադրում է, որ եթե այս պահից հետո Լիդիանը չկատարի իր պարտատերերի հանդեպ արդեն տևական ժամանակ ծագած ֆինանսական պարտավորությունները, ապա նրանք կարող են օգտվել «Լիդիանին» սնանկ ճանաչելու գործընթաց սկսելու իրենց իրավունքից:

Այլապես նրանք հերթական համաձայնագիրը պետք է կնքեն` «Լիդիանին» իրավունք տալով հետաձգել իր պարտավորությունների սպասարկումը:

Սույն թվականի դեկտմբերի 20-ի հնարավոր շրջադարձային կետ լինելու հանգամանքը ավելի հավանական է դառնում, երբ տեղեկանում ենք, հետևյալ իրադարձությունների շարքին.

  • Նոյմբերի 17-ին Ազգային Ժողովի մի շարք պատգամավորներ փակ (չլուսաբանված) հանդիպում են նախաձեռնում Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչների հետ, որին ներկա են եղել նաև Կառավարության համապատասխան մարմինների մի շարք ներկայացուցիչներ: Սրա շուրջ շատ արագ և հիմնականում բացասական արձագանքների արդյունքում, նրանցից մի քանիսը տարածեցին հաղորդագրություն, որում հանդիպման նպատակի մասին ասվում էր հետևյալը. «Հանդիպման նպատակն էր համայնքի բնակիչների ներկա և ներկայացուցչական հատվածին պատմել Կառավարության իրականացված և ձեռնարկվող քայլերը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների հանգուցալուծելու ուղղությամբ։

    Հանդիպման նպատակն էր նաև լսել քաղաքացիների հարցերը և հնարավոր մտահոգությունները»։ Չնայած այս հայտարարությանը, այս հանդիպումը ավելի շատ «Իմ Քայլը» քաղաքական ուժի ղեկավարության կողմից ուղղորդված գործողության էր նման` նաև հաշվի առնելով, որ հանդիպմանը մասնակից պատգամավորները նախկինում այս ծրագրի շուրջ բացահայտ դրական դիրքորոշում չեն ցուցաբերել, սակայն մինչ այս պահը տեղացիների հետ նման հանդիպումների և քննարկումների մեջ չէին ներգրավվել:

  • Այս հանդիպումների ուղղորդված լինելու և նպատակադրված լինելու կասկածները ավելի են սրվում, երբ Ջերմուկի Գրանտ Ռեզորթ հյուրանոցում ՀՀ փոխոստիկանապետը, ոստիկանապետի խորհրդականը, ոստիկանության այլ պաշտոնատար անձինք, Վայոց Ձորի մարզպետը և Ջերմուկի համայնքապետը հանդիպում են Ամուլսար տանող ճանապարհների արգելափակմանը մասնակից Ջերմուկ համայնքի որոշ բնակիչների հետ և նրանց առաջարկում են բացել Ամուլսար տանող ճանապարհները և թույլ տալ, որ Լիդիանը ձմեռացման աշխատանք կատարի։

  • Նաև լուրեր են շրջանառվում, որ Վայոց Ձորի մարզպետը ակտիվորեն փորձում է տեղացիներին համոզել, որպեսզի բացեն Ամուլսար տանող ճանապարհները:

Միևնույն ժամանակ, հայտնի է, որ նախքան այս իրադարձությունները երկրի վարչապետը սեպտմեբերի 9-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որով կոչ էր անում տեղացիներին բացել Ամուլսար տանող ճանապարհները: Մինչ Կառավարությունը ջանքեր չի խնայում Ամուլսարի ծրագիրը գործարկելու ուղղությամբ, «Լիդիան» ընկերությունը ժամանակ չի կորցնում իր դիրքերը ավելի ամրապնդելու համար:

Մասնավորապես, Կանադական արժեթղթերի ադմինիստրատորներ կազմակերպության (Կանադայում արժեթղթերի կարգավորումներով զբաղվող կազմակերպությունների միություն) պաշտոնական կայքում (sedar.com) շարունակաբար տեղեկատվություն է տարածվում, որ Ամուլսար տանող ճանապարհները անօրինական շրջափակված են և այդ հաղորդագրություններից կարելի է նաև եզրակացնել, որ Կառավարությունը պատշաճ ջանքեր չի գործադրում օրենքի գերակայություն ապահովելու համար:

Վերջին նմանատիպ հաղորդագրության մեջ, որ հրապարակվել է նոյեմբերի 11-ին ասվում է, որ Ամուլսար տանող ճանապարհների շրջափակման արդյունքում «Լիդիանի» երկու դուստր ընկերությունները (որոնք, ի դեպ, վերջերս են գրանցվել) 2019 թվականի մարտի 11-ին պաշտոնապես տեղեկացրել են ՀՀ կառավարությանը անգլիական և կանադական երկկողմ ներդրումային համաձայնագրրեի շրջանակներում գոյություն ունեցող վեճերի մասին: Այստեղ ասվում է նաև, որ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի օգոստոսի 19-ից կրկնվող հայտարարություններ է տարածել առ այն, որ «Լիդիանի» մուտքը Ամուլսարի տարածք պետք է վերականգնվի:

Այս ընթացքում, «Լիդիանը» նախաձեռնում է նաև Ամուլսարի ծրագրի նոր Իրագործելիության վերլուծություն, որի տեխնիկական հաշվետվությունը (Feasibility study technical report) հրապարակվում է այս տարվա հոկտեմբերի 15-ին: Այս հաշվետվության մեջ առկա են մի շարք ուշագրավ ֆինանսական գնահատականներ և ծրագրի գործառնական տվյալներ: Մասնավորապես.

  • Հանքի կյանքի տևողությունը նախկին 10-ից վերագնահատվել է 12 տարվա:

  • Պաշարները վերագնահատվել են և նախկինում գնահատված 102.6 միլիոն տոննայի փոխարեն այժմ հայտարարվում է 119.3 միլիոն տոննա:

  • Վերոնշյալի հիման վրա, կորզման ենթակա ոսկու պարունակությունը վերագնահատվել է 2.46 միլիոն ունցիայի (նախկինում գնահատվածից 192,000 ունցիա ավել, որը հավասար է 5,443.1 կիլոգրամի): Սա շուրջ 69,740 կիլոգրամ է, որը այս պահի շուկայական գնով (1 ունցիան 1,473 ԱՄՆ դոլար, ինչը վերջին 6 տարիների ընթացքում գտնվում է ամենաբարձր կետում) կազմում է շուրջ 3.6 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ այս իրագործելիության վերլուծության մեջ կիրառված գնով (1 ունցիան 1,300 ԱՄՆ դոլար) հաշվարկելիս կազմում է շուրջ 3.2 միլիարդ ԱՄՆ դոլար:

  • Պետությանը կազմակերպության կողմից վճարման ենթակա հարկերը գնահատվել են 189.7 միլիոն ԱՄՆ դոլար: Նախորդ գնահատման մեջ սա ներկայացվել էր 150.06 միլիոն ԱՄՆ դոլար:

  • Պետությանը վճարման ենթակա ռոյալթի վճարները գնահատվել են 304 միլիոն ԱՄՆ դոլար: Նախորդ գնահատման մեջ սա հաշվարկվել էր 236.37 միլիոն ԱՄՆ դոլար:

  • Մեկ ունցիա ոսկի կորզելու ծախսերը, այսպես կոչված All-in sustaining costs (սա կարելի է մեկ ունցիա ոսկի կորզելու ինքնարժեք համարել), գնահատվել են 744 ԱՄՆ դոլար մեկ ունցիայի համար: Սա ներառում է նաև փաստացի աշխատուժի գծով ծախսերը և բոլոր սպառման ենթակա նյութերը, նաև հայկական ծագում ունեցող` նախաարտադրական փուլի վառելիքը: Նախկին գնահատման մեջ այդ ցուցանիշը (All-in sustaining costs) ներկայացվել էր 579 ԱՄՆ դոլար:

  • Ծրագրի մեկնարկի և ոսկու կորզումը սկսելու համար գնահատվել է, որ անհրաժեշտ է 168.6 միլիոն ԱՄՆ դոլարի կապիտալ ծախսեր իրականացնել (ներառյալ շրջանառու կապիտալը):

  • Հաշվետվության հրապարակման դրությամբ Չվերկանգնվող կապիտալ ծախսերը (Sunk Capital Cost) գնահատվել են 361.9 միլիոն ԱՄՆ դոլար: Սրանք այն կապիտալ ծախսերն են, որ հնարավոր չէ վերականգնել, եթե կազմակերպությունը որոշի դադարեցնել իր գործունեությունը:

  • Պահպանման, շահագործման և փակման համար անհրաժեշտ կապիտալ ծախսերը կազմելու են 180.4 միլիոն ԱՄՆ դոլար:

Վերոնշյալ երեք խումբ կապիտալ ծախսերը միասին կազմում են 710.9 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախկինում գնահատվել էր 497.7 միլիոն ԱՄՆ դոլար:

  • Առաջին հինգ տարում նախատեսվում է տարեկան միջինում կորզել 246,000 ունցիա ոսկի, իսկ դրանից հետո մինչև հանքի կյանքի տևողության ավարտ (ինչպես վերևում նշել ենք գնահատվել է 12 տարի)` միջինում տարեկան 204,000 ունցիա:

  • Հարկերից հետո ծրագրի Զուտ ներկա արժեքը (հաշվարկած 5% դիսկոնտավորման գործակցով) գնահատվել է 362.6 միլիոն ԱՄՆ դոլար: Նախկին` 2015 թվականի գնահատման մեջ այս ցուցանիշը կազմում էր 347.3 միլիոն ԱՄՆ դոլար:

Այս իրագործելիության վերլուծությունը իրականացվել է Կանադայի Վանկուվեր քաղաքում գրանցված JDS ENERGY & MINING INC. կազմակերպության կողմից: Վերջինս այս հաշվետվությամբ եզրակացնում է, որ ծրագիրը իրագործելի է և «Լիդիանը» պետք է շարունակի աշխատանքները առաջին իսկ հնարավորության դեպքում:

Այս ընթացքում մի շարք այլ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք ներկայացված են ստորև:

  • 2019 թվականի սեպտեմբերի 11-ին հաղորդագրություն տարածվեց, որ սեպտեմբերի 10-ին Լիդիանի խոշոր բաժնետերերից Օրիոն ընկերությունը (անգլերեն` Orion Co-IV (ED) Limited, որը կառավարվում է Orion Mine Finance Management I Limited ընկերության կողմից) համաձայնության է եկել վաճառելու «Լիդիանում» իրեն պատկանող թվով 98,836,000 հատ բաժնետոմսերից (սա կազմում է «Լիդիանի» թողարկած բաժնետոմսերի 13%) 10,000,000 հատը` 10 կանադական ցենտով (0.10 կանադական դոլար):

    Այս հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Օրիոն ընկերության վերջին Վաղ զգուշացման հայտարարագրի պահից սկսած (անգլերենով` early warning report), նա իրեն պատկանող մասնաբաժինը Լիդիան ընկերությունում նվազեցրել է 16.9%-ից մինչև շուրջ 11.7%-ի:
  • 2019 թվականի հուլիսի 2-ին «Լիդիան» ընկերությունը հայտարարեց, որ երկրորդ վերախմբագրված Հետաձգման համաձայնագիրն է կնքում (անգլերեն` Forbearance agreement): Սրա համաձայն «Լիդիանը» թողարկելու է 23,036,136 հատ վարանտ (անգլերեն` warrant, բառացի նշանակում է երաշխիք, որը ածանցյալ ֆինանսական գործիք է և կրողին իրավունք է տալիս որոշակի ֆիքսված գնով կազմակերպության արեթղթեր գնել` որոշված ժամանակահատվածի ընթացքում) AB Svensk Exportkredit շվեդական արտահանման պետական կազմակերպության համար և թվով 4,746,324 վարանտ Ameriabank CJSC-ի («Ամերիաբանկ» ՓԲԸ) համար:

    Եվ եթե այս իրավունքը իրացվի, ապա տվյալ պահի դրությամբ ձեռք բերված արժեթղթերը կկազմեն բոլոր թողարկված հասարակ բաժնետոմսերի 3.5%-ը: Յուրաքանչյուր թողարկված վարանտի դիմաց իրավունք է տրվում ձեռք բերել «Լիդիանի» մեկ հասարակ բաժնետոմս, յուրաքանչյուրը 0.1495 կանադական դոլարով:

  • 2019 թվականի հունիսի 28-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Լիդիան» ընկերությանը նամակ է ուղղում, որով տեղեկացնում է, որ Կեչուտ-Զառիթափ (Գնդեվազ) ոռոգման խողովակաշարի միջոցով Արփա գետից ջուր օգտագործելու վերաբերյալ վերջինիս հայտը մերժվել է: 2019 թվականի հուլիսի 4-ին «Լիդիան» ընկերությունը դիմում է Դարփ գետից ջուր օգտագործելու թույլտվություն ստանալու համար և սույն թվականի հոկտեմբերի 31-ի նախարարության գրությամբ մերժում է ստանում: «Լիդիանը» մտորում է կամ կրկին դիմել նախարարությանը կամ դատարանում բողոքարկել ստացված մերժումը:

  • «Լիդիանը» հրապարակել է 2019 թվականի իննը ամիսների համար իր ֆինանսական հաշվետվությունները (այս հաշվետվություններն աուդիտի չեն ենթարկվել): Նշված է, որ այս ժամանակահատվածում շուրջ 91 միլիոն ԱՄՆ դոլար վնաս է ճանաչվել (սրանից 60.3 միլիոնը կազմակերպությունը համարում է Ամուլսար տանող ճանապարհների փակման պատճառով առաջացած վնասներ), որի արդյունքում գրանցված կուտակված վնասը հասել է շուրջ 314.5 միլիոն ԱՄՆ դոլարի: Սրա հետևանքով սեփական կապիտալը նվազել և դարձել է բացասական 45.7 միլիոն ԱՄՆ դոլար:

    Այս հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ ընկերության պարտավորությունները կազմում են 395.3 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ակտիվները 349.6 միլիոն դոլար են կազմում: Հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմակերպության կանխիկը կամ դրան հավասարեցված միջոցները կազմել են շուրջ 4 միլիոն ԱՄՆ դոլար:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել