Ամուլսարի վերաբերյալ քրեական գործընթացը մոտենում է ավարտին. ինչ էլ անեն, պրոցեսը չի կարող անվերջ ձգձգվել․ Արթուր Գրիգորյան
08:58 - 24 հուլիսի, 2019

Ամուլսարի վերաբերյալ քրեական գործընթացը մոտենում է ավարտին. ինչ էլ անեն, պրոցեսը չի կարող անվերջ ձգձգվել․ Արթուր Գրիգորյան

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է․

«Ամուլսարի վերաբերյալ քրեական գործընթացը մոտենում է ավարտին. ինչ էլ անեն, պրոցեսը չի կարող անվերջ ձգձգվել: Խոստացել են, որ մինչև այս ամսվա վերջ լիբանանյան ընկերության մասնագիտական/փորձագիտական եզրակացությունը կհրապարակեն: Նախքան այդ որոշման հրապարակումը, Հայաստանի կառավարությանն ուզում եմ հրապարակավ տալ ստորև ներկայացված հարցերը:

Դրանք հանրության համար ուղենիշային են լիբանանյան ընկերության ընտրության գործընթացում հնարավոր կոռուպցիոն բաղադրիչի առկայությունը գնահատելու համար՝ դրանից բխող մոտիվացիայով և հետևություններով, իսկ կառավարության համար՝ հետագայում քավության նոխազի ընտրության հարցում:

  • Ո՞ր պետական մարմինն է մշակել Ամուլսարի հանքավայրում ուսումնասիրություն իրականացնելու տեխնիկական առաջադրանքը (վարչապետի աշխատակազմ, բնապահպանության նախարարություն, քննչական կոմիտե կամ այլ մարմին).
  • Ո՞ր կազմակերպություններն են հայտ ներկայացրել Ամուլսարի հանքավայրում ուսումնասիրություն իրականացնելու վերաբերյալ հայտարարությանը (բոլոր հայտատու կազմակերպությունների անվանումները սկզբնական և վերջնական/short listed փուլերում).
  • Ո՞ր պետական մարմինն է իրականացրել կազմակերպության ընտրությունը և ի՞նչ չափորոշիչների հիման վրա է ընտրվել հենց լիբանանյան ELARD ընկերությունը.
  • Նշված ընկերության աշխատանքներում տեղական մասնագետներ ներգրավվա՞ծ են: Ովքե՞ր են այդ մասնագետները և արդյո՞ք նրանք նախկինում մասնակցել են հանքավայրի շահագործման նախագծային փաստաթղթերը մշակելու աշխատանքներին.
  • Ինչպիսի՞ փաստաթւղթ է կազմվելու իրականացվող ուսումնասիրության արդյունքում և ի՞նչ իրավական կարգավիճակ է ունենալու կազմված փաստաթուղթը (փորձագիտական եզրակացություն՝ քրեական գործի շրջանակներում օգտագործելու համա՞ր, թե՞ մեկ այլ բան: Ուսումնասիրության արդյունքում կազմված փաստաթուղթը ունենալու՞ է արդյոք այնպիսի իրավական կարգավիճակ, որը կարող է դրվել հանքավայրի շահագործումը թույլատրելի կամ անթույլատրելի համարելու վերաբերյալ՝ կառավարության դիրքորոշման հիմքում).
  • Եվ ի վերջո՝ ինչպե՞ս է որոշվել մատուցվող ծառայությունների համար վճարման չափը («Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգո՞վ, թե՞ այլ ընթացակարգով).

Այս հարցերի պատասխանները ես հիմնականում գիտեմ, դրանք պետք է լսի նաև հանրությունը՝ պաշտոնապես: Պրիմիտիվ մանիպուլյացիաների համար տրված ժամանակն անցավ»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել