Ամրակիցի ռուսական եկեղեցին գրավիչ զբոսաշրջային կետ է, բայց 30 տարի վթարային վիճակում է |hetq.am|
12:03 - 11 նոյեմբերի, 2019

Ամրակիցի ռուսական եկեղեցին գրավիչ զբոսաշրջային կետ է, բայց 30 տարի վթարային վիճակում է |hetq.am|

hetq.am: Ամրակից գյուղը գտնվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի հարեւանությամբ: 2017-ին այն ներառվել է Գյուլագարակ խոշորացված համայնքի մեջ: Համարվում է, որ Ամրակիցը հիմնադրվել է 1840-ական թթ., չնայած այստեղ ավելի հին պատմական կառույցներ կան, օրինակ՝ 13-րդ դարի եկեղեցիներ, 13-18-րդ դարերի գերեզմանոց, մ.թ.ա. 2-1 հազարամյակների դամբարանադաշտ, ինչպես նաեւ միջնադարյան Ամրակ (Ամրակից) գյուղատեղին, որի անունն էլ կրում է ներկա բնակավայրը:

Ամրակիցի վարչական ներկայացուցիչ Արթուր Ներկարարյանն իր հերթին ասում է, որ ներկա գյուղը հիմնադրվել է 1852-ին վրացական Բորժոմից այստեղ տեղափոխված 26 սլավոնական ընտանիքների կողմից: Վերջիններս իրենց հերթին Վրաստան էին տեղափոխվել Ուկրաինայից՝ Պոլտավայի, Չեռնիգովի մարզերից: Նոր բնակավայրը սկզբնապես կոչվել է Նիկոլաեւկա (Նովոնիկոլաեւկա), իսկ 1938-ին անվանափոխվել է՝ դառնալով Կիրով: 1991-ին գյուղին վերադարձվել է պատմական անունը՝ Ամրակից:

Սխալ չի լինի ասել, որ այս բնակավայրն առաջին հերթին հայտնի է իր Սբ. Նիկոլայ Հրաշագործ ռուսական եկեղեցով: Վերջինս, ըստ համացանցային աղբյուրների, կառուցել են ուկրաինացի կազակները, որոնք Հայաստանում հաստատվել էին 19-րդ դարի սկզբին, երբ Վրաստանի հետ Ռուսաստանին էին միացել հայկական Լոռի-Փամբակը, Ղազախն ու Շամշադինը (Արեւելյան Հայաստանի մնացած հողերը մաս-մաս Ռուսաստանին են միացել 1804-1813 եւ 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմներից հետո, որոնցում Պարսկաստանը պարտություն է կրել): Հայաստանում հաստատված կազակական զորքերը մի շարք բնակավայրերում հիմնել են ուղղափառ մատուռներ եւ եկեղեցիներ, որոնցում զինվորական երդում էին տալիս: Հայաստանի ուղղափառ բնակչության կորիզը Ռուսաստանից եկած զինվորականներն ու ադմինիստրատիվ աշխատողներն էին, նրանց ընտանիքների անդամները, իսկ հետագայում՝ կայսրության հեռավոր շրջաններից այստեղ վերաբնակեցված գյուղացիական խավը:

Սբ. Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին կառուցվել է 1846թ. (այլ տվյալներով՝ 1879-ին) Նիկոլաեւկա գյուղի կենտրոնում: Ներկա տեսքը ստացել է 1910-1914 թթ. վերակառուցումից հետո: Խաչի հատակագծով եկեղեցին համարվում է մոդեռն ճարտարապետության նեոռուսական ուղղության նմուշ: Հարավային կողմին կից է զանգակատունը: Կառույցը քարաշեն է, իսկ տանիքը փայտից է՝ մետաղապատ: Եկեղեցին զգալիորեն վնասվել է Սպիտակի երկրաշարժից, սակայն չի խոնարհվել: 1988-ից հետո վթարային վիճակում գտնվող կառույցը, որը համարվում է հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան, փակ է, չի գործում, 2009-ին դրա ներսում եղած սրբապատկերներն ու եկեղեցական պարագաները տեղափոխվել են Գյումրու ռուսական եկեղեցի:

Այդուհանդերձ, այսօր էլ Սբ. Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու մուտքի մոտ կարելի է տեսնել բնակիչների կողմից բերված սրբապատկերներ, վառված մոմեր, նույնիսկ մատաղի հետքեր:

Շարունակությունը՝ hetq.am:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել