tert.am: «Ինչքան էլ ոստիկանական կեցվածքից փորձեցինք անցնել կառուցողական համագործակցողի կեցվածքի, կարծես այս վերջին շաբաթվա զարգացումները մեզ բերում են ոստիկանական կեցվածքի, բայց եթե եկել ենք՝ պետք է հստակ լուծում տանք խնդրին»:

Այս մասին նշեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը՝ «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» հարցով ԱԺ կրթության հանձնաժողովի արտահերթ նիստին անդրադառնալով դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության վերաբերյալ իր հայտարարությանը:

Սմբատ Գոգյանը նշեց, որ միանշանակ գիտությունն ու քաղաքականությունն իրարից պետք է ամբողջությամբ տարանջատված լինի:

«Պետք է գիտականը քաղաքականի հետ չասոցացվի: Նախկինում ասոցացվել է և պոկելու դեպքում էլ առաջանալու են հակազդեցություններ, մեղադրանքներ»,-ասաց նա և նշեց, որ այս շաբաթվա ընթացքում երկու մեղադրանքներ է ստացել՝ առաջինն այն, որ ինքը քաղաքական հետապնդում է իրականացնում նախկին համակարգի ներկայացուցչի դեմ:

«Իսկ մյուսում այժմյան նախարարության աշխատող ինձ մեղադրում է, որ ինքնահաստատվում եմ նրա ատենախոսությունը մերժելու համար: Եկեք հասկանանք, ինչ էլ լինի՝ աղմուկը շատ է լինելու այս պրոցեսի շուրջ, մենք պետք է էմոցիաներից զուրկ կարողանանք ճիշտը գտնել»,-ասաց նա:

Գոգյանը նշեց, որ բարձրաձայնել է տարբեր բնագավառներում արտագրությունների դեպքերի մասին, միշտ նշել է, որ օրինակ ռոմանագերմանական լեզուներում ատենախոսությունը գրվում է հայերեն, իսկ բուհերից ոչ մի արձագանք չեն տվել:
«Ամեն դեպքում անելու եմ ամեն ինչ, որ քամենք, իսկ ԲՈԿ-ը ամրագրի իր իրավունքները, և հստակ կարողանանք գործել»,-ասաց նա:

Սմբատ Գոգյանն անդրադարձավ դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեպքին, և նախապատմությունը ներկայացրեց, որ ատենախոսության հարցով մի քաղաքացի եկել է ԲՈԿ անցած տարվա օգոստոս կամ սեպտեմբերի ամիսներին և ասել, որ նա գիտի՝ այդ ատենախոսությունն արտագրված է ինչ-որ մեկից:

«Տեղում նայեց, տեսավ, որ իսկապես արտագրություն կար, մեզանից տեղեկանք ուզեց, մենք չտվեցինք: Ասացինք, որ ոչ օֆիցիալ տեղեկություններ են»,-պատմեց Գոգյանը՝ հավելելով, որ դրանից հետո հարցում է եկել կայքերից մեկից (որին հավանաբար այդ քաղաքացին էր դիմել), և իրենք էլ պատասխանել են, որ իրականում համընկնումներ կան: Ինֆորմացիան այնպես չէ, որ ԲՈԿ-ը միտումնավոր դուրս է տվել»,-ասաց նա:

ԲՈԿ նախագահը նշեց, որ ինչքան էլ զարմանալի է, բայց գիտականների մեջ բոլորը գիտեն՝ ով ով է, ով ում ատենախոսություն է գրել, ինչ է գրել. «Ուղղակի այդ ամենն ապացուցելի չէ: Նույնիսկ գիտեմ՝ նախկինում ում ատենախոսությունն ով է գրել, ոնց է գրել, ինչի դիմաց, բայց այդ ամեն ինչը չեն բարձրաձայնվել:

Միշտ ասուլիսները սկսել են, հարցնելով՝ ի՞նչ եք անելու Տարոն Մարգարյանի ատենախոսության հետ: Եթե ես ցանկանայի քաղաքականացնել պրոցեսը, դրանից լավ առիթ չկար ամեն ինչ քաղաքականացնելու»: