factor.am հարցազրույց ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի հետ․

-Պարո՛ն Սահակյան, Դուք հետևում էիք Ամուլսարի հարցով այսօրվա գործընթացներին՝ բողոք ակցիաներին, Փաշինյանի հետ հանդիպման տեղեկություններին։ Կարծեք թե հեղափոխությունից հետո նոր իշխանությունն առաջին անգամ լուրջ խնդրի առաջ է կանգնել։ Ո՞րն է Ձեր գնահատականը այս մասին։

-Նախկինում հայտարարվում էր ժողովրդավարության բարձր մակարդակի մասին, հայտարարվում էր, որ Հայաստանը ժողովրդավարության կղզյակ է։ Իրական ժողովրդավարությունն ուղղակի ժողովրդին լսելը չէ, այլ շարժվել ժողովրդի կամքի ուղղությամբ, վեկտորով։ Տեղեկատվական դաշտում այլ կարծիք չկա, որ ժողովուրդը դեմ է Ամուլսարի շահագործմանը։ Ընդ որում՝ ոչ միայն ջերմուկցիները, այլև Նոյեմբերյանում էր քայլերթի միջոցառում իրականացվել, Ջերմուկի հարակից գյուղերի բնակիչներն էին բազմիցս արտահայտել իրենց վերաբերմունքը…

-Բայց չեք ասի, որ ամբողջ ժողովուրդն էր հրապարակում կամ քաղաքում, կամ էլ Նոյեմբերյանում…

-Իհարկե՝ ամբողջը չեն։ Երբեք ամբողջը չի լինում։ Ամբողջը չէր նաև հեղափոխության ժամանակ։ Բայց մենք կարող ենք արձանագրել, որ այդ տրամադրությունները բոլորինն են, համենայն դեպս՝ ճնշող մեծամասնությանը։ Այս դեպքում եկեք խուսափենք տոկոսային հարաբերություններից։ Ես քիչ մարդ եմ տեսել թե՛ իմ շրջապատում, թե՛ տեղեկատվական դաշտում, որոնք կողմ են հանքի շահագործմանը։ Եվ դրանք հիմնականում առանց որևէ փաստարկի Կառավարությանն անվերապահ աջակցողներն են, որոնք եթե նույնիսկ նախկինում ունեցել են այլ կարծիք, հիմա փոխել են կարծիքը։ Ես այդ իրավիճակին կառանձնացնեի ոստիկանության արձագանքը և կարձանագրեի, որ այդպես էլ չունեցանք ոստիկանություն, որն իր իրական գործառույթները կկատարի, ոչ թե կանի այն, ինչ հարմար է այդ պահի կառավարող ուժին։ Դա վերաբերվեց և փողոցում մարդկանց հանդեպ վերաբերմունքին:

-Այսինքն՝ վերաբերմունքը կո՞շտ էր։

-Իհարկե՛։ Կոշտ էր և անհիմն։ Այսինքն, ինչո՞ւ կարելի է նույն կերպ բողոքի ակցիա իրականացնել և դատարանի դռները փակել, և ոստիկանությունը ընդամենը կարող է իրավամբ ակցիայի անվտանգությունն ապահովել, այս դեպքում՝ արդար պահանջով կարճաժամկետ փողոց փակելու համար բիրտ ուժ կիրառվի:

-Իսկ ինչո՞վ եք բացատրում, որ ոստիկանությունը ԱԺ այգին փակեց ցուցարարների առաջ, այն դեպքում, երբ այդ այգին արդեն բաց է։

-Ես դրա պատասխանը չունեմ։ Հենց դրա համար եմ ասում, որ չունեցանք ոստիկանություն, որը կկատարի իր պարտականությունները։ Այգին ոստիկանությունն է փակել։ Նրանք մեզ հետ զրույցում ասեցին, որ ԱԺ անվտանգության ծառայության խնդրանքն է։ ԱԺ անվտանգությունից մարդ իջավ, ասաց, որ ակցիա չի իրականացվելու այգում, որովհետև օրենքի խախտում է դա: