«Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբերը նշանակումներ են արել տեղամասային ընտրական հանձնաժողովներում |armtimes.com|
16:27 - 04 մարտի, 2020

«Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբերը նշանակումներ են արել տեղամասային ընտրական հանձնաժողովներում |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ տեղամասային ընտրական 7 հոգանոց հանձնաժողովներում 2-ական անդամ նշանակելու համար «Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբերը մինչեւ մարտի 1-ը ժամանակ ունեին: 

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ «Այո» քարոզչական կողմը նշանակումներ է կատարել բոլոր՝ 2008 տեղամասային ընտրական հանձնաժողովներում՝ յուրաքանչյուրում ներկայացնելով 2-ական անդամ:

«Ոչ»-ի կողմը, սակայն, 2-ական անդամ նշանակել է 2008 ընտրական տեղամասերից 1975-ում: Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ՝ 31 տեղամասում «Ոչ»-ի շտաբի կողմից կատարվել է 1-ական նշանակում, միայն 2 տեղամասում է, որ «Ոչ»-ի կողմը որեւէ նշանակում չի արել:

«Այո»-ի շտաբի մամուլի պատասխանատու Վահագն Ալեքսանյանն ասաց, որ իրենց կողմից ներկայացված հանձնաժողովականներն ընտրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակների կողմից՝ կուսակցության անդամների, համակիրների ու տվյալ համայնքում բնակվող լիցենզավորված այլ անձանց միջից:

«Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ հայտնեց, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների 99 տոկոսում ներկայացուցիչներ ապահովելը համարում են մեծ հաջողություն՝ հաշվի առնելով, որ փորձ չունեին: «3 օր մենք մեր անվճար եթերաժամն օգտագործեցինք, քաղաքացիներին տեղեկացրինք, թե ինչպես պետք է մեզ դիմեն, եթե ուզում են հանձնաժողովի անդամ դառնալ: Մեծաթիվ դիմումներ ստացանք, մեծածավալ աշխատանք կատարեցինք: Մեր հիմնական շահառուն այս քաղաքացիներն էին: Ինչ վերաբերում է կուսակցություններին, ապա մենք  4 կուսակցության էինք դիմել, որից ԲՀԿ-ն չէր ընդառաջել, մյուս 3-ը՝ ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստանը», ՀՀԿ-ն, ընդառաջեցին, եւ հանձնաժողովներում մեր կողմից նշանակված անդամների բազան ձեւավորվեց այս 4 խմբերից»,- ասաց Մելիքյանը:

Խոսելով 2 տեղամասում ընդհանրապես որեւէ անդամ չնշանակելու պատճառի մասին՝ իրավաբանը հայտնեց, որ «մարդ չունեին»: «Չկար որեւէ մեկը, որ դիմել էր այդ տարածքում հանձնաժողովի անդամ լինելու հարցով»,- հավելեց նա: 

Քարոզարշավը դեռ պասիվ է

Քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ից: 14 օր է անցել, սակայն մինչ օրս ո՛չ «Այո»-ի, ո՛չ «Ոչ»-ի շտաբերն աչքի չեն ընկել ակտիվ քարոզարշավով: Ըստ նախօրոք հայտարարվածի՝ «Այո»-ի կողմը երեկ պետք է սկսեր ակտիվ քարոզչությունն ամբողջ հանրապետությունով մեկ: Քարոզարշավը, սակայն, երեկ եւս չսկսվեց: Վահագն Ալեքսանյանն ասաց, որ պատճառը քարոզչանյութերի տպագրման ուշացումն է. «Մենք տպարանից կստանանք նյութերը, կբաշխենք մարզերով եւ Երեւանի շտաբերով, վաղվանից կամ մյուս օրվանից մեր պատգամավորները, մարզային կուսակցական գործիչները կսկսեն քայլել, թռուցիկներ, բրոշյուրներ բաժանել, զրուցել քաղաքացիների հետ»,- ասաց Ալեքսանյանը:

Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի որոշմամբ մարտի 13-ից արձակուրդ է մեկնելու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Մեր զրույցում մարզպետն ասաց, որ արձակուրդը պայմանավորված է քարոզարշավով: Պետրոսյանը կհամակարգի «Այո»-ի Կոտայքի մարզի շտաբի աշխատանքները: Հարցին՝ քարոզարշավը Կոտայքում կսկսվի մարտի 13-ի՞ց, Պետրոսյանը պատասխանեց. «Կարելի է այդպես ասել»:

«Ոչ»-ի կողմն ակտիվ քարոզչություն իրականացնելու մտադրություն չունի: Ռուբեն Մելիքյանը մեր զրույցում հայտնեց, որ իրենք այդպիսի խնդիր չէին էլ դրել: Ըստ նրա՝ իրենց խնդիրը վերահսկողություն իրականացնելն էր, բայց որեւէ բան չի բացառում: 

Նախընտրական շտաբեր

«Այո»-ի քարոզչական կողմն ամբողջ հանրապետության տարածքում կունենա 65 նախընտրական շտաբ: Հարցին ի պատասխան՝ հայտնեց «Այո»-ի շտաբի մամուլի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը:

«Ոչ»-ի կողմը նախընտրական շտաբեր չի ունենա: «Կուզենայինք ունենալ տարածքներ, բայց հնարավորություն չունենք: Հիշենք, որ մենք որեւէ կազմակերպություն չենք ներկայացնում, մենք մեկ կարեւոր գաղափարի շուրջ հավաքված իրավաբաններ ենք, իսկ այդ գաղափարը հետեւյալն է՝ առանց այն էլ ի սկզբանե այս հանրաքվեն հակասահմանադրական է, դրան չգումարվի նաեւ քարոզարշավի ընթացքում առաջացող այլ խնդիրներ: Իսկ դրա համար մեզ անհրաժեշտ են վերահսկողական լծակներ: Հանձնաժողովներում անդամներ նշանակեցինք, հիմա կանցնենք նաեւ վստահված անձանց նշանակելու խնդրի լուծմանը, որն ավելի կարեւոր ենք համարում: Մենք 6000 վստահված անձ ունենալու հնարավորություն ունենք օրենքով եւ փորձելու ենք օգտվել այդ հնարավորությունից»,- հայտնեց Ռուբեն Մելիքյանը: 

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել