ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բաց նամակ Հայաստանի համայնքների ղեկավարներին

Սիրելի ընկերներ,
գյուղատնտեսական աշխատանքների սկիզբն է։ Մի տեղում ցորեն ու գարի են ցանում, մեկ այլ տեղում՝ ելակ ու գազար, անասուն են պահում, այգի խնամում կամ ջերմատուն։
Այսօր ժամանակն է, երբ համայնքը կազմակերպվի որպես մեկ տնտեսական միավոր ու լծվի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը։

Հիմա յուրաքանչյուր համայնքի ղեկավարից է կախված, թե ինչքա՛ն հող կմշակի համայնքի ժողովուրդը։

Հավաքե՛ք մարդկանց, հանե՛ք դաշտերը, պահանջե՛ք կառավարությունից աջակցություն, եթե դրա կարիքը կա։ Կառավարությունը լսում է հիմա ու ձեր կողքն է։
Արդա՛ր եղեք, եթե պետք է բաշխեք ինչ֊որ բան՝ հող, միջոց...

Ինքնակազմակերպվե՛ք։

Մեր փոխարեն ոչ ոք այս գործը չի կարող անել։

Հերթի տակ դրեք տեխնիկան, գտեք սերմացու ու բերեք համայնք, հավաքեք ժողովրդի գումարը ու միանգամից գնեք պարարտանյութ։

Կապ պահեք ԱԺ և Կառավարության հետ, դուք եք գյուղացու հետ առաջինը աշխատող մարդիկ, դու՛ք գիտեք, ի՛նչ է պետք, որ մի թիզ հող պարապ չմնա։

Անձամբ ինձ ընդունեք որպես ձեր աշխատող ու միջնորդ։

Ձեր վրա է այս հարցի ողջ պարտավորությունը։ Ամեն ինչ չէ, որ օրենքով պետք է սահմանվի, օրենքը մեր հավաքական խիղճն է ու մեր պարտավորությունը մեր ժողովրդի ու ապագա սերնդի առջև»։