Այս նախագիծը կարելի է դիտարկել որպես խորհրդարանական համերաշխության նախագիծ. Սոնա Ղազարյանը՝ ՏԻՄ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին |tert.am|
17:38 - 11 փետրվարի, 2020

Այս նախագիծը կարելի է դիտարկել որպես խորհրդարանական համերաշխության նախագիծ. Սոնա Ղազարյանը՝ ՏԻՄ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին |tert.am|

tert.am: Իմ համեստ դիտարկմամբ այս նախագիծը կարելի է դիտարկել խորհրդարանական համերաշխության նախագիծ: Այս մասին այսօր, Ազգային ժողովում ներկայացնելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, որի հեղինակը նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն են:

Նա նշեց, որ նախագծի հեղինակներն առաջարկում են նվազագույն ամսական աշխատավարձի 100-ապատիկը գերազանցող նվիրատվությունների կամ նվիրաբերությունների մասին տեղեկատվությունը հանրայնացնել: «Հանրային եթերում  է ստեղծվել նախագծի գաղափարը: Այս փոփոխություններով փորձում ենք ապահովել համայնքների նվիրատվությունների թափանցիկությունը:

Համայնքի ղեկավարը մեկ շաբաթվա ընթացքում նվազագույն ամսական աշխատավարձի 100-ապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության մասին տեղեկատվությունը դարձնի հրապարակային քաղաքացիների համար: Այդ տեղեկությունը պետք զետեղվի համայնքի կայքում կամ փակցվի համատիրության պատին»,-ասաց նա:

Սոնա Ղազարյանը տեղեկացրեց, որ հաջորդ քննակվող նախագծի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է, որը կարծես՝ այս նախագծի տրամաբանական շարունակությունն է:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նկատեց, որ նախագծում չկա համայնքի օրինախախտ ղեկավարի վերաբերյալ դրույթ: «Ինչ է լինելու այն դեպքերում, երբ համայնքի ղեկավարն այլ քաղաքական թիմից է, և որևէ առնչություն չունի քաղաքական մեծամասնության հետ»,-հարցրեց նաև և առաջարկեց, որ նախագծում լինի դրույթ, որը կնախատեսի պատասխանտվություն այս հոդվածի չկատարման համար, օրինակ` նվազագույն ամսական աշխատավարձի 50-ից 100-ապատիկի չափով տուգանք:

Սոնա Ղազարյանն արձագանքեց, որ պատրաստ են առաջինից երկրորդ ընթերցում քննարկել առաջարկները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել