Այս նախագիծը հարված է հասցնում սոցիալական արդարությանը․ Հրակ Փափազեան
15:23 - 30 ապրիլի, 2019

Այս նախագիծը հարված է հասցնում սոցիալական արդարությանը․ Հրակ Փափազեան

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու թեմայով խորհրդարանական լսումներին ելույթ ունեցավ «Ո՛չ համահարթ հարկմանը» նախաձեռնության անդամ Հրակ Փափազեանը։ Նա մասնավորապես ասաց․

«Ինչպես գիտեք, նախագիծը, որ քննարկում ենք այսօր, ենթադրում է եկամտահարկի համահարթեցում։ Ավելի կոնկրետ՝ նվազելու են միջին ու բարձր աշխատավարձ ստացող փոքրամասնության եկամտահարկի դրույքաչափերը և հավասարեցվելու՝ ցածր աշխատավարձ ստացող մեծամասնության եկամտահարկի դրույքաչափին։

Գործարարների շահութահարկ + դիվիդենտի հարկի դրույքաչափը ևս նվազելու ու հավասարեցվելու է եկամտահարկի միասնական դրույքաչափին։

Ավելի քան պարզ է, որ այս համահարթեցումը սպասարկում է հատկապես խոշոր գործարարների եւ բարձր աշխատավարձ ստացողների, այսինքն` երկրի էլիտար փոքրամասնության շահերը, քանի որ կտրուկ նվազեցնում է նրանց հարկային պարտավորությունները։ Բայց ու՞մ եւ ինչի՞ հաշվին։

Առաջինը, այս համահարթեցումը հարված է հասցնում աղքատ մեծամասնությանը։ Չնայած որ պատգամավոր Արտակ Մանուկյանը ասաց, որ նույնիսկ 150 հազարից ցածր ստացողների համար մինչև 2023թ․ 3 տոկոսի նվազեցում կա, դժբախտաբար կասեմ, որ դրա մեջ կա մոլորություն։

150.000-ից ցածր աշխատավարձ ստացող աշխատավորների, այսինքն՝ մեծամասնության համար մինչև 2023թ. եկամուտի հարկումը կնվազի միայն 0.5 տոկոսով։ Թեև եկամտահարկը նվազելու է 3 տոկոսով, բայց դրան զուգահեռ վերականգնվելու է Կուտակային կենսաթոշակայինի նախկին 7.5 տոկոսը, ինչը եկամտի վրա 2.5 տոկոսի հարկային հավելում է։ Արդյունքում, ցածր վարձատրություն ստացող աշխատողների եկամուտերը կավելանան միայն 0.5 տոկոսով․ այդ էլ միայն 2023թ․-ին։ Իսկ 150.000-ից ցածր գումարի համար 0.5 տոկոսը ոչինչ է։

Բայց կա ավելի վատը. աղքատ մեծամասնությունը այս օրինագծից ոչ թե ոչինչ չի շահում, այլ նույնիսկ կորցնում է։

Շահութահարկի, միջին և հատկապես բարձր աշխատավարձ ստացողների եկամտահարկերի զգալի նվազեցման արդյունքում առաջանալու են բյուջետային կորուստներ։ Այդ գումարները վերականգնելու նպատակով նախագիծը առաջարկում է բարձրացնել մի շարք անուղղակի սպառողական հարկեր, մասնավորապես՝ ակցիզային, ինչը կբերի շուկայում թանկացումների։ Արդյունքում ստացվում է, որ հանուն հարուստ կամ բարեկեցիկ փոքրամասնության հավելյալ հարստացմանը, շարքային աղքատ քաղաքացին պետք է մի շարք ապրանքատեսակների համար վճարի արդեն ավելի թանկ, ինչը, բնականաբար, ավելի կվատթարացնի իր սոցիալական դրությունը։

Հարգելի պատգամավորներ, դուք կո՞ղմ էք քվեարկելու աղքատության խորացմանը նպաստող այս օրինագծին։

Երկրորդ, այս նախագիծը հարված է հասցնում սոցիալական արդարությանը։

Պրոգրեսիվ հարկումը աշխարհով մեկ ճանաչված է որպես սոցիալական անարդարությունը մեղմելու կարևորագոյն մեխանիզմներից մեկը։ Այդ իսկ նպատակով տասնամյակներ շարունակ և այսօր էլ այն կիրառվում է պետությունների ջախջախիչ մեծամասնության կողմից, իսկ այն փոքրաթիվ օրինակները, որոնք վերջին տարիներին անցել են համահարթ հարկման, հիմա սկսել են հերթով վերադառնալ պրոգրեսիվին՝ տեսնելով համահարթի սոցիալական բացասական ազդեցությունն ու տնտեսական առումով ամլությունը։ Իր առաջարկած այս նախագծով ՀՀ գործադիր իշխանությունը հրաժարվում է սոցիալական արդարության ապահովման գործիքակազմի կարևոր բաղադրիչ պրոգրեսիվ հարկումից՝ այսպիսով ուղակիորեն նպաստելով երկրում սոցիալական անարդարության խորացմանը։

Ազգային Ժողովը ևս կանտեսի՞ սոցիալական արդարության հրամայականը ու կնպաստի՞ անարդարության ու անհավասարության խորացմանը՝ կախված է ձեր դիրքորոշումից ու քվեարկությունից, հարգելի՛ պատգամավորներ։

Եվ վերջապես, սա հարված է հասցնում երկարաժամկետ կտրվածքով՝ ժողովրդավարությանը։

Երկարաժամկետ կտրվածքով, այս նախագիծը բացասական ազդեցություն կունենա նաև երկրի ժողովրդավարությանը վրա։

Հարուստ խավի հարկերի նվազեցումը (լինի դա շահութահարկ թե բարձր աշխատավարձի եկամտահարկ) թույլատրելու է հարստության շատ ավելի մեծ չափսերի ու շատ ավելի մեծ տեմպերով կուտակում այդ փոքր խավի ձեռքերում։ Համահարթ հարկումը նպաստելու է Հայաստանի տնտեսության էլ ավելի ապաժողովրդավարացմանը։ Խորացնելու է երկրում սոցիալական բևեռվածությունը։ Ամրապնդելու է տնտեսապես իշխող փոքրամասնությունը, կամ այլ խոսքով՝ սակավապետությունը, օլիգարխիան, որը բնավ էլ պարտադիր չէ, որ լինի բացահայտորեն ապօրինի՝ ինչպես մերժվածների կողմից ձևավորվածը։

Իսկ տնտեսական կապիտալը միշտ էլ քաղաքական կապիտալ է։ Համաշխարհային պատմական ու քաղաքագիտական փորձը վկայում է, որ ինչքան նյութական ու արդյունաբերական միջոցները կենտրոնանում են փոքր խավի ձեռքերում, այսինքն ապաժողովրդավարականանում է տնտեսությունը, այնքան այդ խավը հզորանում է քաղաքականապես ու լծակներ ձեռք բերում՝ ազդելու համար քաղաքական դաշտի վրա հանուն իր նեղ խմբակային շահերի: Տնտեսական ժողովրդավարության բացակայության պայմաններում, քաղաքական ժողովրդավարությունը միշտ էլ վտանգված ու խոցելի է։

Այսպես, մենք և դուք, հարգելի՛ պատգամավորներ, գործ ունենք մի նախագծի հետ, որն սպասարկում է հարուստ փոքրամասնության շահերը՝ ի վնաս ժողովրդի աղքատ մեծամասնությանը, սոցիալական արդարությանը, համերաշխությանը, վերջապես՝ ժողովրդավարությանը։

Դուք դեռ կարող էք կասեցնել այն։ Ձեզանիզ յուրաքանչյուրը»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել