Այս պահի դրությամբ եւ այս տեմպի համար մեր ռեսուրսները բավարար են, թեստերն ու սարքավորումներն էլ համալրվելու են․ Տիգրան Ավինյան
23:17 - 22 մարտի, 2020

Այս պահի դրությամբ եւ այս տեմպի համար մեր ռեսուրսները բավարար են, թեստերն ու սարքավորումներն էլ համալրվելու են․ Տիգրան Ավինյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ  հեռախոսային մի նոր հավելված ենք թեստավորում, որը անձանց թույլ կտա ինքնահայտարարագրվել եւ մոտ 20 հարցի պատասխանելուց հետո հավելվածը կպատասխանի՝ արդյոք ռիսկայի՞ն է անձի վիճակը, թե՞ ոչ։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ իրենք շարունակելու են գործիքակազմը զարգացնել կանխարգելման ճանապարհով եւ հնարավորինս արագ գտնել վարակված անձանց հետ շփում ունեցածներին, մեկուսացնել ու բուժել։

Պարետը նշեց, որ եթե մեզ մոտ իրավիճակը մի պահ վերահսկողությունից դուրս գա, ապա ամեն մարզում հատկացրել են կոնկրետ վայրեր՝ օդափոխության համակարգերով սրահներ, որտեղ կկարողանան շատ արագ տեղադրել մահճակալներ, եւ մարդկանց հիվանդանոցային պայմաններում բուժել։ Բայց սա, Ավինյանի խոսքով, ծայրահեղ վատ սցենարի դեպքում։ Պարետը կարծում է՝ իրենց կանխարգելիչ գործողությւոնները թույլ կտան այդ սցենարին երբեւէ չհասնել։

Տիգրան Ավինյանը վստահեցրեց նաեւ, որ այս պահի դրությամբ եւ այս դեմպի համար մեր ռեսուրսները բավարար են, թեստերի ու սարքերի պաշարներն էլ համալրվելու են, տարբեր աղբյուրներից գնումներ են կատարում, համալրելու են նաեւ անցակատերին տրամադրվող թեստերը, ինտենսիվ թեստավորման գործընթացն էլ շարունակվելու է։

Պարետը պարզաբանեց, թե որենք են համարվում մեկուսացված ու ինքնամեկուսացված անձինք։ Ըստ այդմ՝ մեկուսացվածներն այն անձինք են, որոնց պատկան մարմիններն են մեկուսացրել տարբեր հյուրանոցներում, այս անձինք առաջնային շփում են ունեցել վարակակրի հետ։ Ինքնամեկուսացածներն այն անձինք ենք, որոնք երկրորդային շփում են ունեցել վարակակրի հետ՝ շփվել են վարակակրի հետ շփված անձի հետ։ Վերջիններիս ցուցում է տրված՝ ինքնամեկուսանալ․

«Մենք ավելի ենք հստակեցնելու՝ ինչ է նշանակում ինքնամեկուսացում, ինչ ռեժիմ է գործելու ինքնամեկուսացվածների համար։ Կարճ ժամանակահատվածում ինքնամեկուսացման ինստիտուտի վրա մեծ հույս պետք է դնենք՝ կիրառելով նաեւ վերահսկողական մեխանիզմներ»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ ինքնամեկուսացման ցուցում տալու է բժիշկը։

Իսկ ինքնամեկուսացված անձի համար պետք է գործեն հստակ կանոններ, որոնց մասին ինքը հստակ տեղեկացված է լինելու։ Փոխվարչապետի համոզմամբ՝ մեր հանրությունը բավականին գիտակից է, եւ, որոշ բացառություններով, բայց բոլորը հասկացել են հարցի լրջությունը, բայց, այնուամենայնիվ, իրենք վերահսկման գործիքներ են ներդնելու։

Ինչպես հայտնեց պարետը՝ իրավական առումով որեւէ արգելք չկա չմեկուսացված կամ չինքնամեկուսացված անձանց ազատ տեղաշարժի համար։ Նա միայն ընդգծեց, որ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս հնարավորինս զերծ մնալ տնից դուրս գալուց, բայց եթե դա անհրաժեշտ է, պետք է հասկանալ, որ կորոնավիրուսի առաջնային խոցելի խումբը տարեցներն են, եթե մենք կարող ենք հաղթահարել, ապա իրենց դեպքում դա բարդ է։

«Մենք կոչ ենք անելու մթերային բոլոր խանութներին՝ տարեցների համար ժամեր սահմանել, որպեսզի միայն այդ ժամերին նրանք խանութներից առեւտուր անեն, հավանաբար առավոտյան ժամը 10-12-ը ընկած հատվածում, իսկ մեր բոլոր քաղաքացիներին կոչ ենք անելու, որ այդ ժամերին խանութներ չգնան, որպեսզի կոնտակտը հնարավորինս նվազեցնենք։ Եւ այս շրջանում կոչ ենք անում տատիկ-պապիկների հետ սկայպով շփվել»։

Ավինյանն ասաց, որ առայժմ կառավարությունը ռեսուրսներ ունի կորոնավիրուսով վարակվածներին հիվանդանոցներում պահելու, սակայն եթե նրանց թիվը մեծանա եւ հիվանդանոցային մեկուսացումն այլեւս նպատակահարմար չլինի, նրանց կվերաբաշխեն․

«Եթե մի պահ տեսնենք, որ բոլոր վարակվածներին հիվանդանոցներում պահելը նպատակահարմար չէ, առաջին փուլով, կարծում եմ, նրանց կտեղավորենք հյուրանոցներում, իսկ հիվանդանոցներում կպահենք միայն ծանր դեպքերը։ Եթե հիվանդների թիվն էլ ավելի մեծանա եւ հյուրանոցային պայմաններում էլ նրանց պահելը էֆեկտիվ չլինի, կանցնենք տներում մեկուսացման»,- նշեց ՀՀ պարետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել