Այս պահի դրությամբ մեզ համար իրավիճակը կարելի է համարել կառավարելի․ ամենամեծ ռիսկը կապված է արտադրամասի հետ․ Փաշինյան
19:47 - 16 մարտի, 2020

Այս պահի դրությամբ մեզ համար իրավիճակը կարելի է համարել կառավարելի․ ամենամեծ ռիսկը կապված է արտադրամասի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացնում է ՀՀ ողջ տարածքում արտակարգ դրություն սահմանելու կառավարության ընդունած որոշումը։

Վարչապետն իր ելույթում մանրամասնեց, թե արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտությունն ինչ հանգամանքի հետ է կապված․

«Մենք մի քանի օր է ուսումնասիրում ենք Արտակարգ իրավիճակներում բնակչությանը աջակցություն ցույց տալու մասին ՀՀ օրենքը, եւ մեզ համար ակնհայտ է, որ այն բացարձակապես չի նախատեսել համաճարակային իրավիճակները։ Ըստ էության, այնտեղ նախատեսված է արտաքին ազդեցության պարագան, երբ տեղի է ունեցել ինչ-որ տեխնածին կամ բնական աղետ, եւ մարդկանց կյանքը պետք է կազմակերպել այդ իրավիճակում։ Այսինքն, ԱԻ ժամանակ բնակչությանը աջակցություն ցուցաբերելու մասին օրենքը նախատեսված է այն դեպքերի համար, երբ վտանգը բխում է մարդկանց արտաքին գործոններից։ Իսկ այն պարագայում, երբ մարդուն վտանգը բխում է ուրիշ մարդուց եւ նրա վարքագծից, այդ դեպքերը կանոնակարգված չեն»,- ասաց Փաշինյանը, հավելելով, որ, ցավոք, մենք վերջին 20 օրվա ընթացքում ականատես ենք լինում դեպքերի, երբ մեր հայրենակիցները միշտ չէ, որ հետեւում են ԱՆ եւ կառավարության առաջարկած վարքագծային կանոններին՝ ապահովելու ինչպես իրենք իրենց, այնպես էլ իրենց միջավայրի, հարազատների եւ ուրիշների անվտանգությունը․

«Շատ դեպքերում իրադարձությունները կարող են զարգանալ այնպես, որ անհրաժեշտ լինի հարկադրանքի միջոցներ ձեռնարկել։ Իսկ այդպիսի միջոցները, որոնք ենթադրում են, որ պիտի տեղի ունենան քաղաքացիների իրավունքների որոշակի սահմանափակումով, ՀՀ Սահմանադրությամբ հնարավոր է կիրառել միայն հանրային առողջությունը պահպանելու պարագայում, իսկ անձնական ազատությունների սահմանափակում հնարավոր է միայն արտակարգ դրության պայմաններում, արտակարգ դրություն էլ հնարավոր է, երբ սահմանադրական կարգի նկատմամբ կա անմիջական սպառնալիք»։

Տվյալ դեպքում, Փաշինյանի խոսքով, անմիջական սպառնալիք է գնահատվել այն, որ, ըստ էության, սպառնալիքի տակ է հայտնվում սոցիալական պետության հայեցակարգը, երբ քաղաքացիները ունեն առողջության, առողջության պահպանման իրավունք, եւ այդ իրավունքը կարող է հայտնվել անպաշտպան իրավիճակում, ու տվյալ դեպքում պետությունը պարտավոր է արտակարգ միջոցներ ձեռնարկել այդ իրավունքը ապահովելու համար․

«Հանրության առողջությունը ապահովելու եւ արտակարգ դրություն մտցնելու մասին որոշմամբ նախատեսված միջոցառումներն ապահովելու համար ստեղծվել է պարետատուն։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվել է պարետ։ Սա, ըստ էության, նոր կարգավիճակ ենք տվել այն աշխատանքային խմբին, որը գործում է 2020 թվականի հունվարի 30-ին․ այդ օրն իմ որոմամբ ստեղծվել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողով՝ Ավինյանի գլխավորությամբ։ Այդ հանձնաժողովին տալիս ենք նոր կարգավիճակ, արտակարգ դրության պայմաններում այդ կարգավիճակը համարվում է պարտեատունը»։

Վարչապետն ԱԺ ամբիոնից հայտնեց, որ այս պահի դրությամբ մեր բոլոր պացիենտները գտնվում են լավ կամ բավարար վիճակում․

«Լավ նորությունն այն է, որ մեր ախտորոշված առաջին պացիենտը բուժվել է, դուրս է գրվել եւ գտնվում է իր տանը։ Ընդ որում՝ տվյալ դեպքում բուժվել ասելը շատ հարաբերական է, որովհետեւ, ըստ էության, մեր առողջապահական համակարգը նրա համար ոչ մի բան չի արել՝ բացի ախտորոշելուց եւ մեկուսացված պահելուց։ Մարդն ուղղակի 14 օր մնացել է հիվանդասենյակում՝ առանց որեւէ բժշկական միջամտության։ Այս ընթացքում թեստը երկու անգամ է կրկնվել․ մի անգամ յոթերորդ օրը, դրական է եղել, մյուս անգամ՝ երեկ է կրկնվել թեստը, բացասական է եղել, նա վերադարձել է բնականոն կյանքին»։

Նա նշեց, որ այս պահի դրությամբ մենք 60-ից բարձր տարիքային խմբի 3 պացիենտ ունենք, նրանցից միայն մեկն է թոքաբորբ տանում, մյուսները նույնիսկ ջերմություն չունեն․

«Այս պահի դրությամբ մեզ համար իրավիճակը կարելի է համարել կառավարելի։ Այսօրվա դրությամբ ամենամեծ ռիսկը կապված է արտադրամասի հետ, որտեղ բավական մեծ թվով մարդ է աշխատում, բայց մենք կարծես թե կարողացել ենք գծանշել շփման շրջանակը, բայց այս դեպքերում երբեք չես կարող 100 տոկոսով համոզված լինել, եւ սա է հենց արտակարգ դրություն սահմանելու որոշման պատճառը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել