Այս վտանգները չէին լինի, եթե ժամանակին տրվեր նախկին ռեժիմի գնահատականը, ներդրվեր վեթինգ. «Ժողովրդավարական հայրենիք»
15:27 - 24 փետրվարի, 2020

Այս վտանգները չէին լինի, եթե ժամանակին տրվեր նախկին ռեժիմի գնահատականը, ներդրվեր վեթինգ. «Ժողովրդավարական հայրենիք»

Հաշվի առնելով ստեղծված անկայուն իրավիճակը եւ առկա վտանգները, ինչպես նաեւ նախկին գործընկերային հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ «Ժողովրդավարական Հայրենիք»  կուսակցությունը ժողովրդի կողմից իրականացված հեղափոխությունն անշրջելի դարձնելու համար  աջակցում է սահմանադրական փոփոխության ներկայացված  հոդվածներին: Այս մասին հայտարարություն է տարածել  «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը:

Հայտարարությունում ասվում է.

«Սահմանադրական դատարանը, ինչպես դատաիրավական, պետական կառավարման  եւ ինքնակառավարման ամբողջ համակարգը, տասնամյակներ շարունակ սպասարկել են ժողովրդի իշխանությունը բռնազավթած խմբավորմանը։

2018թ-ին իշխանափոխությունից հետո  վերոթվարկված համակարգերը սահմանադրականության դաշտ բերելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու  գործընթացը բավարար չէր եւ իրականացվում էր ոչ հեղափոխական մեթոդներով, որը հանգեցրել է գործող իշխանության տեղապտույտի եւ կառավարման համակարգի ճգնաժամի, ինչը շատ ավելի ցայտուն դրսեւորվեց  Սահմանադրական դատարանի դեպքում։

Առնվազը մեկ տարի առաջ պետք է նախաձեռնվեր 2015թ-ի ժողովրդի կողմից մերժված  Սահմանադրության համապարփակ փոփոխությունը, այդ դեպքում անհրաժեշտություն չէր առաջանա պետական սուղ միջոցները ներդնել լոկալ հանրաքվե անցկացնել, թեկուզ եւ կարեւոր հարցի շուրջ։

Հանրաքվեի գործընթացը լարվածության մեջ է պահելու ինչպես ամբողջ պետական կառավարման համակարգը, այնպես էլ ողջ ժողովրդին, բնականաբար նախկիններն իրենց հսկայական  ֆինանսական ու մեդիա հնարավորությունները կօգտագործեն ապակողմնորոշելու ժողովրդին՝ էլ ավելի խորացնելով  լարվածությունն ագրեսիվ փոքրամասնության  եւ ժողովրդի լայն զանգվածների միջեւ, մեծացնելով առկա ատելության  չափաբաժինը, միաժամանակ նախկիններին վերակենդանանալու լրացուցիչ լիցք է հաղորդվում, փորձելով կրկին սողոսկել  քաղաքական դաշտ, ինչը գործող ական է դառնալու մեր պետականության համար։

Այս վտանգները չէր լինի, եթե ժամանակին՝ հեղափոխությունից անմիջապես հետո, տրվեր նախկին ռեժիմի իրավաքաղաքական  գնահատականը, ներդրվեր վեթթինգ եւ անցումային արդարադատությունը, գողերին եւ ավազակներին պատասխանատվության ենթարկեին, վերադարձվեր պետությունից եւ ժողովրդից գողացված տասնյակ միլիարդավոր դոլարները։

Հաշվի առնելով ստեղծված անկայուն իրավիճակը եւ առկա վտանգները, ինչպես նաեւ նախկին գործընկերային հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ «Ժողովրդավարական Հայրենիք»  կուսակցությունը ժողովրդի կողմից իրականացված հեղափոխությունն անշրջելի դարձնելու համար  աջակցում է սահմանադրական փոփոխության ներկայացված  հոդվածներին, համոզված լինելով, որ հանրաքվեի այո  արդյունքը լրացուցիչ լիցք կհաղորդի իշխանություններին հեղափոխությունը լիարժեք ու վերջնական հաղթանակի  հասցնելու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել